
Բեռնափոխադրող մեքենաներն ավելի քան մեկ շաբաթ կանգնած են վրացական կողմում

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից վաղ առավոտյան հայտնեցին, որ հնարավոր ձնաբքի վտանգի պայմաններում առաջիկայում բոլոր տեսակի ավտոմեքենաների համար ժամանակավոր փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
168.am-ը կապվեց միջազգային բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների հետ՝ պարզելու, թե ինչ խնդիրների են բախվում՝ հատկապես եղանակային պայմանների պատճառով, այս սեզոնին հաճախացող արգելափակումների պայմաններում:
«Ինտերնացիոնալ լոգիստիկս գրուպ» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տրանսպորտային բաժնի ղեկավար Մարիամ Պետրոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մեր զրույցի պահի դրությամբ թե ռուսական, և թե վրացական կողմում կանգնած մեքենաներ ունեն: Թե դրանք երբ նորից հնարավորություն կունենան երթևեկելու՝ հստակ պատասխան չեն ստացել: Ժամկետներ չկան, քանի որ անցակետի փակվելը եղանակային անբարենպաստ վիճակով է պայմանավորված:
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ եղանակային պայմանների բարելավման դեպքում մաքրման աշխատանքներն արագ կիրականացվեն ու բեռնատարներին հնարավորություն կտրվի հնարավորինս շուտ շարունակելու երթևեկությունը:
«Իրականում կուտակումները հիմա ավելի շատ վրացական կողմում են, քանի որ այնտեղով մեքենաներն անցնելու ընթացքում կանգնեցվում են ավտոկայանատեղերում: Դա պայմանավորված է Գուդաուրիում վերանորոգման աշխատանքներով: Այդ հատվածն արդեն երկու շաբաթ է, ինչ կուտակումների կենտրոն է դարձել: Մեքենաները ճանապարհները բաց եղած ժամանակ էլ էին մոտ 1 շաբաթ կանգնած մնում վրացական կողմում: Հիմա, եղանակային այս վիճակով ու նորոգմամբ պայմանավորված, բնականաբար, ավելի շատ կանգնած կարող են մնալ: Օրինակ, մեր մեքենաներն արդեն 1 շաբաթից ավելի է՝ կանգնած են վրացական կողմում: Դեռ հստակ չգիտենք՝ որքան ժամանակից կկարողանան անցնել»,- ասաց մեր զրուցակից Մարիամ Պետրոսյանը:
Դեռևս վաղ առավոտից անցակետի փակվելու պայմաններում միայն այս ընկերությունը ռուսական ու վրացական կողմերում, ընդհանուր առմամբ, 2 տասնյակ բեռնատար ունի կանգնած: Մարիամ Պետրոսյանի խոսքով՝ դրանցով տեղափոխում են՝ ինչպես տեխնիկա ու այլ ապրանքատեսակներ, այնպես էլ՝ սննդամթերք ու մսամթերք:
«Այդքան մեքենաների՝ օրերով կանգնած մնալու պայմաններում դրանց պահելն ընկերության համար արժենում է օրական մոտավորապես 60 լիտր դիզվառելիք: Կարելի է պատկերացնել, թե որքան են տուժում փոխադրողներն ու արտահանողները: Այս պարագայում, իհարկե, հասկանալի է, որ ֆորսմաժորային իրավիճակ է, բայց խնդիրները, հատկապես այս սեզոնին, կրկնապատկվում են»,- եզրափակեց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը:
Ավելի վաղ բեռնափոխադրող մեկ այլ ընկերության ղեկավար ևս բարձրաձայնել էր Բագրատաշենի անցակետում իրավիճակի մասին:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունն օրեր առաջ հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետով երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա ավարտը, ճանապարհի վերանորոգման պատճառով, կբարդանա: Ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն:
ՆԱԶԵԼԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ