«Բագրատաշենի անցակետն ահավոր վատ է աշխատում». բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Վրաստան-Հայաստան անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են: Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են հատկապես հայկական կողմի վատ աշխատանքից:

Այսօր արդեն Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտարարություն տարածեց՝ հերքելով տարածված տեղեկությունները և հավելելով, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն՝ որոշ ծանրաբեռնվածությամբ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ, և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում է առաջացող խնդիրները: Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել»,- ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

168.am-ը կապվեց հայկական բեռնափոխադրող ընկերություններից մեկի հետ՝ պարզելու համար, թե իրականում ինչ իրավիճակ է եղել անցած մի քանի օրերին:

Կարդացեք նաև

«Բագրատաշենի անցակետն ահավոր վատ է աշխատում: Մեր բեռնատարը միայն երեկ է կարողացել մտնել Հայաստան, այն դեպքում, երբ դրանից մոտ 2 օր առաջ է եղել վրացական կողմում»,- ասաց «Միգ տրանս» ընկերության տնօրեն Արմեն Հովսեփյանը:

Պատճառը, ըստ մեր զրուցակցի, ռենտգեն սարքավորումների պակասն է: Արման Հովսեփյանի խոսքով՝ հիմա մեքենաների հոսքը նախկինի համեմատ ավելի մեծ է, իսկ հայկական անցակետում ռենտգեն ուսումնասիրություններն իրականացվում են նախկին ռեժիմով: Անցակետում այդպիսի միայն մեկ սարք կա: Սա, բեռնափոխադրող ընկերության ներկայացուցչի խոսքով, մեծ խնդիրներ է առաջացնում, քանի որ մեքենայի միայն մեկ օր կանգնելը բեռնափոխադրող ընկերության համար մինչև 50 լարի (մոտ 8000 դրամ) է արժենում:

«Մեր բեռնատարը երեկ գիշերը ժամը 9-ի կողմերը շարժվել է վրացական կողմից: Այսօր առավոտյան արդեն ժամը 11:00-ի կողմերը նոր կարողացել է դուրս գալ վրացականից ու հասնել հայկական անցակետ: Այդ՝ ընդամենը 5-6 կմ-ն անցնելը 12 ժամ է տևել:  Մի այդքան էլ այստեղ ռենտգենի հերթ են կանգնել, չգիտես՝ ինչ են արել ու նոր կարողացել են մտնել Հայաստան: Եթե գոնե ևս մեկ կամ երկու ռենտգեն ավելացնեին, կարծում եմ, որ այսքան կուտակում չէր լինի, իրավիճակն անհամեմատ կբարելավվեր»,- համոզմունք հայտնեց Հովսեփյանը:

Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ խնդիրներ են առաջանում նաև Հայաստանից գնալու ընթացքում՝ վրացական կողմում: Դա, ըստ նրա, կապված է Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների հետ: Կան բեռներ, որոնք վրացիները հատուկ ուշ են բաց թողնում:

«Մենք ամեն ինչ ուղարկում ենք՝ տեխնիկայից մինչև միրգ ու բանջարեղեն: Հաշվի առնելով, որ այդ ապրանքները կարող են ժամանակի ընթացքում փչանալ՝ վրացական կողմը, իհարկե, ընդառաջում է և այդ բեռնատարները համեմատաբար շուտ է բաց թողնում: Բայց հայկական կողմում այդպիսի բան չկա: Բոլոր մեքենաներին նույն հարթակում են դիտարկում, իսկ հետևանքներն արդեն մենք ենք կրում»,- վրդովմունք հայտնեց Արման Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունն օրեր առաջ հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետով երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա ավարտը, ճանապարհի վերանորոգման պատճառով կբարդանա: Ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս