Հայաստանը բարեկամ Կորեայից ակնկալում է ջանքերի գործադրում ՀՀ տարածքային ամբողջականության սատարման հարցում. Ալեն Սիմոնյանը՝ Կորեայի դեսպանին
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով դրանց խորացման անհրաժեշտությունը՝ դրա վառ ապացույցը համարելով Հայաստանում եւ Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու երկուստեք մտադրությունը: Դոհուն Լին նշել է, որ անհամբեր սպասում է Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը, երբ իր երկրի դրոշը կծածանվի հյուրընկալ եւ խաղաղասեր Երեւանում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափին, խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ տեղի ունեցած արդյունավետ շփումներին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային խնդիրները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրին առնչվող մի շարք հարցեր:
«Հայաստանն իր միջազգային գործընկերներից, ինչպես նաեւ բարեկամ Կորեայից ակնկալում է ջանքերի գործադրում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցում, քանի որ այն շարունակ բախվում է ադրբեջանական ոտնձգություններին»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ բազմոլորտ գործակցության լայն հնարավորությունները, որոնք նոր փոխշահավետ ծրագրերի համար պարարտ հող են հանդիսանում: