«Իրենք իրենց մորը կամ կնոջն այդպե՞ս են գրկում». Որդեկորույս մայրը՝ ՔՊ-ական պատգամավորներին
Նոյեմբերի 16-ին փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նախորդ տարի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների նկատմամբ կարմիր բերետավորների կիրառած բռնության վերաբերյալ։
Ըստ փաստաբանի, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու առնչությամբ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։
Այսօր էլ խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադառնալով Եռաբլուրի միջադեպին, ասաց, որ տեղի է ունեցել իրավական գործընթաց և իրավական գործընթացը տվել է իր եզրակացությունն ու արդյունքը։
Իշխանական մեկ այլ պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ լրացրեց, թե կարմիր բերետավորները պարզապես ծնողներին գրկելով՝ մի կետից տեղափոխել են մեկ այլ կետ։
Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ կարմիր բերետավորների կողմից բեման ենթարկվելիս մարմնական վնասվածքներ էր ստացել պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։
168.am-ի հետ զրույցում արձագանքելով միջադեպի առնչությամբ իշխանական պատգամավորների մեկնաբանություններին՝ տիկին Գոհարն ասաց.
«Իրենք իրենց մորն այդպե՞ս են գրկում, իրենց մորը չորս հոգով ոտքն ու ձեռքը բռնելո՞վ են տանում, կամ իրենց կնոջը։ Տարբեր տղամարդիկ՝ մեկը ձեռքից է բռնում, մյուսը ոտքի՞ց։ Այն վնասվածքները, որոնք ես եմ ստացել այդ ժամանակ, առանց ամաչելու փաստաթուղթ են ուղարկել, որ ես վնասվածքներ չունեմ։
Այ անբարոներ, մինչև ե՞րբ եք թաթախվելու ձեր ստի ու կեղծիքի մեջ, մինչև ե՞րբ»։
Գոհար Դավթյանի բնորոշմամբ՝ օրվա իշխանությունն անբարո քարոզչություն է իրականացնում՝ արդարացնելով բռնությունը։
«Ինչ ծրագրով եկել են իշխանության, այդ ծրագրով էլ շարժվում են։ Ես, բացի մարմնական վնասվածքներից, ունեցել եմ նաև հոգեբանական խնդիրներ, այդ ապրումների մեջ գտնվելով, իմ հետ այդպես վարվեցին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե ոստիկանությունը երբևիցե նման պահվածք չի ունեցել, և դա այսօր բոլորի աչքին տեսանելի է, Գոհար Դավթյանը հակադարձեց.
«Վահե Ղազարյանը Նիկոլի մաշված կոշիկի թայն է՝ դեմ առ դեմ կարող եմ կանգնել ու ասել, թե իրենք ովքեր են։ Ես այնպիսի հերոս տղա եմ դաստիարակել, որ եթե մեկ քայլ հետ դրեցի, ուրեմն՝ իմ երեխու թափած արյանը արժանի մայր չեմ։
Ստում են անբարոները, տղամարդ լինելով՝ ինչպե՞ս կարող են այդքան ստել, տղամարդու խոսքը պետք է արժեք ունենա, ոչ թե սուտը դրոշակ դարձրած, մի քանի կոպեկի համար հոգիները ծախած՝ գան մեջտեղ»։