Մի քիչ փորձեք օրիգինալ լինել. ուղղակի ամոթ է. Լևոն Քոչարյանը՝ ՆԳ նախարարին
ԱԺ-ում Կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ նախապես նշելով, որ հարցը վերաբերում է ոստիկանության իրականացրած վայրագություններին, երբ մարդկանց ուղղակի ծեծում են տեսախցիկների առջև։
«Խոսքն իմ ունեցած վերջին դեպքի մասին չէ, մենք անցած տարի ունեցանք նման դեպքեր։ Հետո ոստիկաններին բերում են, սուտ ցուցմունք են տալիս, իբր իրենց հարվածել են, բացարձակ սուտ։ Հետո մեղադրանքներ են առաջադրվում, քննչականն իր գործն է անում, տանում է դատարան, դե, դատարանն էլ, բնականաբար, կալանք է տալիս, մարդկանց փակում։ Եզակի դեպքերում, եթե դատավորն ունենում է խիզախություն, դա չի լինում։
Իրականում այդ ամենը հետևանք չի ունենում, ձևական բացվում են ծառայողական վարույթներ։ Իհարկե, հասկանում եմ, որ ոստիկանները գալիս ու սուտ ցուցմունքներ են տալիս, դա առանց վերադասի ու հրահանգի չի լինում։ Լավ, այս ամենն ինչպե՞ս եք պատկերացնում, գիտե՞ք՝ այդ մարդկանց եք դնում շատ վատ դրության մեջ։ Այստեղ լուրջ խնդիր կա, ես ուզում եմ ձեր խոսքը լսել սրա հետ կապված»,- ընդգծեց Լևոն Քոչարյանը։
Պատասխանելով հարցին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում՝ 20 տարի, և երբևէ ոստիկանությունը նման գրագետ ու համբերատար ձևով չի ծառայել։
«Ինչ վերաբերում է ձեր դեպքին, ապա դուք լավ տեղյակ եք, կա քրեական վարույթ, կա ծառայողական քննություն։ Ծառայողական քննությունը կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Նաև ուզում եմ այս ամբիոնից ասել, որ ոստիկանությունը 2020 թվականից մինչ օրս, իրոք, 24-ժամյա ռեժիմով աշխատել է, և ունենք այս պատկերը, որն ունենք այսօր ՀՀ-ում։ Թույլ չենք տալու, որպեսզի այդ երկրում որևէ մեկը փորձի այն արարքը կատարել, որը եղել է նախկինում»,- նշեց Վահե Ղազարյանը։
Արձագանքելով՝ Լևոն Քոչարյանը Վահե Ղազարյանին խնդրեց՝ փորձել մի քիչ օրիգինալ լինել, քանի որ մարդիկ հոգնել են նախկին ու ներկա խոսակցություններից՝ ուղղակի ամոթ է։
Պատգամավորի արձագանքից հետո ՆԳ նախարարը շարունակեց՝ վստահեցնելով, թե իրենք մարդկանց չեն ուղղորդում, նման բան չկա ու չի էլ կարող լինել։
«Երկրորդը՝ ոստիկանությունը երբևիցե նման պահվածք չի ունեցել, և դա այսօր բոլորի աչքին տեսանելի է։ Եթե 2022 թվականից մինչ օրս, գրեթե ամեն օր եղել են հանրահավաքներ, միտինգներ, մասայական անկարգություններ՝ Երևանում ոչ մի անգամ փշալար չի փռվել, ոչ մեկի քթից արյուն չի եկել, դա ո՞ւմ շնորհքն է»,- հարցով եզրափակեց միտքը Վահե Ղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում