
Արմեն Գրիգորյանը Միրոսլավ Յենչային է ներկայացրել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչությունում ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ համապատասխան կառույցների համագործակցությունը ՀՀ կառավարության հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, ինչի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումներն ու տեսակետները: