Իրանն ԱՄՆ-ին ծանուցել է, որ պաղեստինաիսրայելական հակամարտության սրացում չի ցանկանում
Իրանի իշխանությունները դիվանագիտական ուղիներով ԱՄՆ-ին ծանուցել են, որ պաղեստինաիսրայելական հակամարտության մասշտաբների աճ չեն ցանկանում։ Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Financial Times-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ Աբդոլլահիանը նախազգուշացրել է, որ տարածաշրջանային հակամարտությունն անխուսափելի կլինի, եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածին։
«Վերջին 40 օրվա ընթացքում Իրանն ու Միացյալ Նահանգները հաղորդագրություններ են փոխանակել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության ամերիկյան բաժնի միջոցով», – ասել է Ամիր Աբդոլլահիանը FT-ին՝ բացառելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը։
«Պատասխանելով ԱՄՆ-ին՝ մենք ասել ենք, որ Իրանը պատերազմի տարածում չի ցանկանում, բայց տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ընդունած մոտեցման պատճառով, եթե Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների դեմ հանցագործությունները չդադարեն, հնարավոր է ցանկացած տարբերակ, և ավելի լայնածավալ հակամարտությունը կարող է անխուսափելի լինել», – հավելել է Իրանի ԱԳ նախարարը։
Նոյեմբերի 15-ին Reuters-ը հաղորդել էր, որ ըստ իր բարձրաստիճան աղբյուրների՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ նոյեմբերի սկզբին կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Թեհրանը կշարունակի քաղաքական և բարոյական աջակցությունը ՀԱՄԱՍ-ին, սակայն ուղղակիորեն չի ներգրավվի հակամարտության մեջ։
Ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների՝ հոկտեմբերի 7-ից Իսրայելի ռմբակոծությունների և ցամաքային գործողության ընթացքում առնվազն 11 500 մարդ է զոհվել, որոնցից 4700-ը՝ երեխաներ։ Իսկ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Ի դեպ, Իսրայելը հաղորդում էր 1400 զոհի մասին, սակայն վերջին պաշտոնական հայտարարության ժամանակ այդ թիվը 200-ով նվազեցվել է։