Բաժիններ՝

Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելու ջանքերը «հաջող չեն»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ջանքերը, նվազեցնելու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը, «հաջող չեն»։

CBS News-ին հարցազրույցում նա մեղադրել է ՀԱՄԱՍ-ին, թե խմբավորումը թույլ չի տալիս, որ մարդիկ Իսրայելի կողմից տրամադրված միջանցքներով ավելի ապահով վայրեր տեղափոխվեն՝ չնայած Իսրայելը նման կոչեր պարունակող թռուցիկներ է բաժանում պաղեստինցիներին։

«Մենք ամեն բան անում ենք, որ քաղաքացիական անձինք հեռանան վտանգավոր վայրերից, սակայն ՀԱՄԱՍ-ն անում է ամեն բան, որ պահի նրանց վտանգավոր վայրերում… Մենք կփորձենք մեր գործը (խմբ․՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու) ավարտել քաղաքացիական բնակչության շրջանում նվազագույն զոհերով, մենք դա ենք փորձում անել… սակայն, ցավոք, մեզ դա չի հաջողվում», – ասել է Նեթանյահուն։

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտարարել է, որ Գազայի հատվածի ալ Շիֆա հիվանդանոցի մոտ գտել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից օգտագործվող թունել։ ԻՊԲ-ն տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով թունելի մուտքը։

Բացի այդ, հրապարակվել են լուսանկարներ, որոնցում, ԻՊԲ-ի պնդմամբ, ՀԱՄԱՍ-ի թունել է և զենքի պահեստ երկու այլ հիվանդանոցների՝ Ռանթիսիի և ալ Քուդսի տարածքում։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Պենտագոնի և ԱՄՆ պետքարտուղարության մեղադրանքները, թե խմբավորումն ալ Շիֆա հիվանդանոցը ռազմական նպատակներով է օգտագործում, կեղծ են։

Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների՝ ՀԱՄԱՍ-ն ալ Շիֆա հիվանդանոցն օգտագործում է որպես հրամանատարական կենտրոն, և, հնարավոր է, զենքի պահեստ։

Ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների՝ հոկտեմբերի 7-ից Իսրայելի ռմբակոծությունների և ցամաքային գործողության ընթացքում առնվազն 11 500 մարդ է զոհվել, որոնցից 4700-ը՝ երեխաներ։

Իսկ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ ԻՊԲ-ն հայտնել է, որ գերիներից մեկի մարմինը նոյեմբերի 16-ի երեկոյան գտել են ալ Շիֆա հիվանդանոցի մոտ գտնվող շենքում։ Ցամաքային գործողության մեկնարկից ի վեր ԻՊԲ-ն հաղորդել է 55 զինվորի զոհվելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս