Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը։ Թևանյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես հրաժարվում եմ ավագանու մանդատից. խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, և մեր 12 անդամները իրենց ակտիվ գործունեությամբ երևանցիների քվեն կարդարացնեն»,- նշեց Թևանյանը։
Նրա խոսքով՝ «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամները միշտ ուղիղ կապի մեջ են լինելու քաղաքացիների հետ, բարձրաձայնելու են նրանց խնդիրները և Երևանի ավագանիում կատարելու են վերահսկողական ֆունկցիա:
«Ես, նախընտրական փուլում, երբ հրաժարվում էի ԱԺ պատգամավորի մանդատից, հայտարարել էի, որ անձամբ իմ խնդիրը Երևանի ավագանի դառնալը չէ, այլ մենք օգտագործում ենք այս ընտրությունները իշխանափոխության նպատակով, և, քանի որ ես նաև հայտարարել էի, որ Երևանի ավագանու մանդատ չեմ վերցնելու, ես հրաժարվում եմ ավագանու մանդատից»,- եզրափակեց Թևանյանը։