Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 5-րդ տուրում պարտություն են կրել
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:
Մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Գերմանիայի հավաքականի հետ և զիջեց 1-3 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Կանանց մրցաշարում Հայաստանի թիմի մրցակիցը Ֆրանսիան էր: Հայկական ընտրանին պարտվեց 0,5-3,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը պարտվեցին:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ: