ԵՄ-ում հայտարարել են, որ Գազան պետք է կառավարի օրինական վարչակազմը, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ը
Եվրամիությունը ցանկանում է, որ այսուհետ Գազայի հատվածը կառավարվի Պաղեստինի օրինական վարչակազմի կողմից, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարությունը:
«Այն, ինչ մենք ցանկանում ենք, այն վարչակազմն է, որը կկարողանա օրինական կերպով կառավարել Գազայի հատվածը՝ հենվելով ամուր օրինականության վրա»,-ասել է մամուլի քարտուղարը Բրյուսելում կայացած ճեպազրույցին:
Նրան խնդրել են մեկնաբանել նախօրեին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում Բորելի առաջարկած՝ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման շրջանակային պայմանները, որոնցից մեկը ենթադրում է Պաղեստինի վարչակազմի կողմից Գազայի հատվածի կառավարում:
«Գաղափարն այն է, որ Գազայի հատվածը պետք է կառավարվի վարչակազմի կողմից, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի: Դա ահաբեկչական կազմակերպություն է»,-բացատրել է Ստանոն:
Նրա խոսքով՝ զինված հակամարտությունից հետո կգա ժամանակաշրջան, և հարց կառաջանա, թե ինչ պետք է անել կողմերի համակեցության համար: «Դրա համար պետք է աշխատել լուծման վրա միջազգային հանրության հետ, որին, իհարկե, պետք է մասնակցեն իսրայելցիներն ու պաղեստինցիները»,-շարունակել է Բորելի ներկայացուցիչը: