ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ջոկատում տեղի է ունեցել «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ ուղեկալի բացման արարողությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ ուղեկալի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից:

«Պետական սահմանի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ հերթական ուղեկալի բացման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Սահմանապահ զորքերի ղեկավարության անունից շնորհավորեց զինծառայողներին՝ նորակառույց ուղեկալում ծառայություն իրականացնելու կապակցությամբ, և նշեց, որ հայրենիքի սահմանների հուսալի պահպանությունն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է, հավելելով, որ նորակառույց սահմանապահ ուղեկալն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, նյութատեխնիկական միջոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով:

Սահմանապահ զորքերի ղեկավարությունը շրջայց կատարեց նորակառույց ուղեկալի սպայական կացարանում՝ ծանոթացավ զինծառայողների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են սահմանապահ ուղեկալի սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։

Այցի ավարտին ՀՀ ԱԱԾ ղեկավարության անունից համապատասխան հանձնարարականներ տրվեցին Սահմանապահ զորքերի ուղեկալում ծառայություն իրականացնող սպայական անձնակազմին։

Տեսանյութեր

Լրահոս