Ինչպե՞ս կարող են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հաշվառել իրենց մեքենաները, գրանցել սեփականության իրավունքը, փոխել կամ ստանալ նոր վարորդական իրավունք
Ֆեյսբուքյան օգտատեր Արշալույս Վանյանը նոյեմբերի 11-ին գրել էր, որ իրեն ՀՀ-ում թույլ չեն տվել վարորդական իրավունքի թեստ հանձնել:
««Ղարաբաղի ՄԱՐԴԻԿ իրավունք չունեն ՀՀ-ում որեվէ գործարք անել».վարորդական իրավունքի թեստից մասնակցելուց առաջ ինձ սենց բան ասեցին ու չթողեցին հանձնեմ»,- մասնավորապես գրել էր Արշալույս Վանյանը:
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Ոստիկանությունից, ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչու Արցախի Հանրապետության քաղաքացուն թույլ չեն տվել վարորդական իրավունքի թեստ հանձնել, պատասխանեցին՝ հոկտեմբերի 27-ին ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է նշված գործընթացը:
Խոսքը Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի մասին տրվող տեղեկատվության՝ հոկտեմբերի 27-ի թողարկման մասին է:
Փոխնախարար Արփինե Սարգսյանի փոխանցմամբ՝ Արցախից հոկտեմբերի 26-ի Կառավարության նիստում բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը ենթադրում է առավել բարձր միջազգային պաշտպանվածություն, այսինքն՝ կունենան պաշտպանվածության բարձր մակարդակ թե ՀՀ-ում, և թե ՀՀ-ից դուրս, քանի որ նրանք ըստ էության ճանաչվում են որպես փախստականներ ու օգտվում են կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից:
Ըստ ՆԳ նախարարի տեղակալի՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից օգտվում են 3 խումբ անձինք՝ այս պահին Արցախի բնակչության ռեգիստրում հաշվառված անձինք, Արցախում հաշվառման վերջին հասցե ունեցած անձինք և այն անձինք, ովքեր թեև հաշվածված չեն Արցախում, բայց բռնի տեղահանության արդյունքում հաշվառվել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության կողմից վարվող տվյալների շտեմարանում: Բացառություն են կազմում այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք:
Արփինե Սարգսյանը նշեց նաև, որ ՀՀ-ում հաշվառվելուց հետո ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի հստակեցման ուժով մեր հայրենակիցները կկարողանան իրականացնել տրանսպորտային միջոցների հաշվառման, առքուվաճառքի պայմանագրի կնքման, վարորդական իրավունքի ձեռքբերման և այլ իրավական գործարքներ։ Սա նշանակում է՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները միայն ՀՀ-ում հաշվառվելուց հետո կարող են հանձնել վարորդական իրավունքի թեստ:
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից, ի դեպ, այսօր մեզ պատասխանեցին՝ ՀՀ-ում հաշվառման գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 30-ից:
«Այսօր էլ, երբ խոսում ենք տարբեր գործարքների մասին, շատ կարևոր է ՀՀ-ում ունենալ հաշվառման կոնկրետ հասցե, և նաև պետք է հստակեցնել, թե ինչպիսի կարգավիճակով են ԼՂ (Արցախի Հանրապետություն.- Գ.Ս.) մեր հայրենակիցները հարաբերվում պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,- ասաց Արփինե Սարգսյանը:
Վերջինս նկատեց՝ արցախցի մեր հայրենակիցների ահազանգերը՝ կապված այն բանի հետ, որ չեն կարողանում իրականացնել տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցում կամ հաշվառում, կամ չեն կարողանում փոխել իրենց վարորդական վկայականը կամ նորը ձեռք բերել, ինչպես նաև տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր չեն կարողանում կնքել, կապված էին հենց կարգավիճակի հստակեցման հետ, որովհետև պետք է հասկանալ՝ որ սուբյեկտն է մտնում տվյալ իրավահարաբերության մեջ:
«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի հստակեցման ուժով այլևս մեր հայրենակիցները կկարողանան տարբեր գործարքների մեջ մտնել՝ ստանալ վարորդական վկայականներ, գրանցել իրենց սեփականության իրավունքն ու հաշվառել տրանսպորտային միջոցը»,- ասաց ՆԳՆ փոխնախարարը՝ հավելելով՝ 21000 տրանսպորտային միջոց է Արցախից հատել ՀՀ սահմանը, և պետք է դրանք բերել օրինական երթևեկության դաշտ:
Արփինե Սարգսյանը տեղեկացրեց՝ դրա համար ընդամենը մեր հայրենակիցներից կպահանջվի մոտենալ ցանկացած անձնագրային ծառայություն և իրականացնել հաշվառման հասցեի փոփոխություն:
«Սա նշանակում է, որ արցախցի մեր հայրենակիցները պետք է մոտենան իրենց բնակության վայրին ամենամոտ անձնագրային ծառայություն, դիմում ներկայացնեն, որպեսզի իրենց հաշվառման հասցեն փոխվի ՀՀ հաշվառման որևէ հասցե՝ կամ տվյալ հասցեի սեփականատիրոջ համաձայնության, կամ փաստացի բնակության հասցեի ուժով»,- ասաց ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ պնդելով՝ հաշվառման պրոցեսը շատ կարևոր է, և ինքը մեր հայրենակիցներին հորդորում է օր առաջ հաշվառման կանգնել ցանկացած հասցեում:
Նշենք նաև, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ստացումն ավտոմատ է, մեր հայրենակիցները որևէ գործողություն կատարելու պարտականություն չունեն: Օրենքի ուժով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այն արդեն ստացել են: Կարգավիճակը տրվել է մեկ տարի ժամկետով, բայց կա այն նաև երկարաձգելու հնարավորություն:
ՆԳՆ փոխնախարարի խոսքով՝ արցախցիների համար կառավարությունը երկու տեսակի փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակներում՝ 070 կոդով կապույտ անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության մասին հավաստող փախստականի վկայականը: Երկու փաստաթղթերն էլ մեր հայրենակիցները ներպետական մակարդակում կարող են ազատորեն կիրառել, սակայն որոշումն ընդունելուց 3 ամիս անց, եթե մեր հայրենակիցները ցանկանում են դուրս գալ ՀՀ-ից, այս երկու փաստաթղթերն էլ պետք է իրենց մոտ լինեն:
Արփինե Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ բեկանվել են սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների առնչությամբ կայացված վարչական պատասխանատվության որոշումները: Հոկտեմբերի 26-ից սկսած՝ ըստ փոխնախարարի, բոլոր խախտումները պատշաճ փաստաթղթավորվելու են:
ՆԳՆ փոխնախարարի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանվածները տրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս նաև կկարողանան օգտվել էական զեղչային համակարգից։