«Սպային հարգել է պետք, այսօրվա «բռնոցիները» զինվորականների նկատմամբ՝ տեղին չեն». Անուշ Գուլյան

Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, երբ ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգությունն ու սահմաններն էին վտանգված, մեղրեցի լեգենդար հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանը հայտարարեց՝ որևէ թուրք չպետք է մտնի Մեղրի, և զենք վերցրեց։ Զենքով և ոգով հրամանատարը թույլ չտվեց թուրքը ոտք դնի Մեղրի։

Հրամանատարի կինը՝ Անուշ Գուլյանը, ամուսնու հետ տարիներ շարունակ ծառայել է բանակի շարքերում, ամուսնու հիմնադրած Մեղրիի գնդում: Նա հիշում է՝ ամուսինը երբեմն իր նկատմամբ ավելի խստություն էր ցուցաբերում, քան մյուս ծառայակից ընկերների։

Մեկ անգամ զինվորները բողոքել էին, թե զորամասի պատուհանի ապակին կոտրված է, և իրենք լողանալուց մրսում են։ Բողոքը հասել էր ամուսնուն, հրամանատարն էլ որոշել էր, որ այդ ամենի պատասխանատուին՝ տիկին Անուշին, պետք է ուղարկի «գուբախտ», հետո որոշումը փոխել էր՝ 3 օր տնային կալանքի։ Այդ օրերին նրանց տուն էր այցելել գրող Հրանտ Մաթևոսյանը, տիկին Անուշի պատմելով՝ սեղանին ամեն ինչ դրել էր, բացի հացից, երբ Ղևոնդ Հովհաննիսյանը բարկացած ասել է, իսկ հաց ինչո՞ւ չի դնում սեղանին, կինը պատասխանել է, թե տնային կալանքի մեջ է, չի կարողացել դուրս գալ և հաց գնել։

Խիստ, զինվորին ու հայրենիքը սիրող, տոկուն հրամանատարի հետ կապված պատմությունները մի քանի վեպի նյութ կարող են լինել, բայց ցավոք, ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Գուլյանը, այսօր այդ հերոսներին գրեթե մոռացել են։

Կարդացեք նաև

«Ճիշտ է, արդեն մի քանի տարի է՝ զորացրվել եմ, բայց զորամասի զինվորների հետ կապ կա՝ անցած ուղին ձգում է։

Երբ զորամաս եմ մտնում՝ Ղևոնդի ուժը, ստեղծածը դեռ կա, նրա ոգին շնչում է, գոյություն ունի։ Բայց ես կցանկանայի, որ մեր հերոսներին մի քիչ ուշադրություն դարձնեին, մեծարեին։ Մի քիչ վիրավորանք կա, որ հերոսներին մեծարման որևէ բան չկա։ Նախկինում դպրոցներ էինք գնում, բարձրացնում էինք երեխաների ոգին, զրուցում էինք։ Իհարկե, ես զորացրվել եմ, բայց կարող էին, չէ՞ միջոցառումներ անել, շքերթներ կազմակերպել, զինվորների ոգին բարձրացնել, ես դա չեմ տեսնում»,- նեղսրտած ասաց Անուշ Գուլյանը։

Հրամանատարի կինը համոզված պնդեց՝ սպային հարգել է պետք, և այսօրվա «բռնոցիները», որոնք տեղի են ունենում զինվորականների նկատմամբ՝ տեղին չեն։

«Գրիգորի Խաչատուրովին են կալանավորում, դա սպայի պատիվ չէ»,- նշում է տիկին Անուշը։

Մինչև արցախյան շարժումը, Ղևոնդ Հովհաննիսյանը մեքենաներ էր վերանորոգում, պատմում է մեր զրուցակիցը, սակայն հենց սումգայիթյան ջարդերը սկսվեցին, նա առաջիններից էր, որ զենք վերցրեց ու սար բարձրացավ, որսորդ էր ու բոլոր տեղանքները գիտեր։ Գարեգին Նժդեհը նրա կուռքն էր, մշտապես բարձրանում էր Խուստուփ լեռ։

«Զենք վերցնելով՝ վաշտ ձևավորեց ու իր նման հազարավոր տղաների հետ պահեցին հողը։ Հիմա, ափսոս, իրենք չկան, լինեին՝ այսպես չէր լինի, մարդիկ այսօր մշտապես ասում են՝ ո՞ւր է Ղևոնդը, գլուխը բարձրացնի։ Նա շատ էր սիրում Սյունիքը, իր հիմնադրած զորամասում մահվանից հետո իր կիսանդրին եմ դրել, որտեղ գրված է՝ «Մենք Սյունիքը երբեք չենք հանձնելու»,- շեշտեց Անուշ Գուլյանը։

Մեղրեցին միշտ ամուր է եղել, ուժեղ ու հայրենասեր, վստահեցնում է հրամանատարի կինն ու հետո ցավով փաստում՝ երկրի իրավիճակով պայմանավորված՝ մեղրեցին մի քիչ կոտրվել է, բայց կարծում է՝ երիտասարդությունը դեռ ամուր է։

«Կարծում եմ՝ Արցախը հետ ենք բերելու, եթե ոգին արթնանա։ Ես հիմա այստեղ ծանր ոտքերով եմ բարձրանում, որովհետև ինչի համար այս տղաները պայքարեցին՝ հիմա չկա։ Ուզում եմ, որ խաղաղություն ու ոգու բարձրացում լինի»,- եզրափակեց Անուշ Գուլյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս