Բաժիններ՝

Ուիթքոֆը և Քուշները կհանդիպեն Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի հետ

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա, նախկին գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշները դեկտեմբերի 4-ին Մայամիում բանակցություններ կունենան Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։

Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հանդիպումը հաջորդելու է դեկտեմբերի 2-ին Կրեմլում կայացած հանդիպմանը, որի ժամանակ ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը Ուիթքոֆը և Քուշները քննարկել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական էր գնահատել այս հանդիպումը՝ ընդգծելով, որ ՌԴ ղեկավարը տրամադրված է ավարտել պատերազմը։

«Ես կարող եմ ասել, որ նրանք բավականին լավ հանդիպում են ունեցել նախագահ Պուտինի հետ․․․Սա մի պատերազմ է, որը չպետք է երբևէ սկսվեր։ Ի՞նչ կստացվի այդ հանդիպումից, ես չեմ կարող ասել, քանի որ տանգոյի համար երկուսն են պետք։ Նա (խմբ․- Պուտինը) ցանկանում է ավարտել պատերազմը։ Սա էր նրանց տպավորությունը»,- ասել էր Թրամփը Օվալաձև սենյակում լրագրողների հետ զրույցում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս