«Թուրքիան Գազայի ճգնաժամի լուծման բանալին է». Bloomberg
Ամերիկյան «Bloomberg» պարբերականն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, Գազայի ճգնաժամին և պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես պարբերականը գրել է, որ Գազայի շուրջ տիրող ճգնաժամային իրավիճակը կարգավորելու և խնդիրը լուծելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է շփումներ ձևավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Որքան շուտ զանգահարի, այնքան լավ»,-ասվել է գրառման մեջ:
«Bloomberg»-ը նշել է, որ Էրդողանը առկա իրավիճակը լուծելու տեսանկյունից «անփոխարինելի» մեկն է, իսկ Թուրքիան՝ «Գազայի ճգնաժամի լուծման բանալին»:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերաճել են ռազմական առճակատման և շարունակվում են մինչ օրս, սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ իրականացված հարձակմամբ:
Վերջին տվյալներով կողմերի զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 12.000-ը, որից շուրջ 11.000-ը պաղեստինցներ են:



