BP-ի նախագծերն օգնել են Ադրբեջանին ֆինանսավորել ռազմական ագրեսիան Հայաստանի ու ԼՂ բնակչության դեմ․ The Guardian
The Guardian-ը հոդված է հրապարակել, ըստ որի՝ Global Witness քարոզչական խումբը պնդում է, որ Ադրբեջանում British Petroleum վառելիքային հանածոյի նախագծերն օգնել են ֆինանսավորել ռազմական ագրեսիան Ղարաբաղի հայերի դեմ՝ չնայած 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կառավարությանը միլիարդավոր դոլարների փոխանցմանը։
Ըստ միջազգային այս լրատվամիջոցի, Global Witness իրավապաշտպան ՀԿ-ն նշում է, որ բրիտանական նավթային ընկերության կողմից շահագործվող երկու խոշոր նավթագազային նախագծերում Ադրբեջանի մասնաբաժինը 2020 թվականից ի վեր ավելի քան չորս անգամ ապահովել է իր ռազմական ծախսերը, խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմի բռնկումից հետո ընկած ժամանակահատվածի մասին է:
«ՀԿ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի տնտեսական կախվածությունը BP-ից՝ իր ամենամեծ օտարերկրյա ներդրողից, անուղղակիորեն օգնել է ֆինանսավորել վիճելի տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը ստիպել է ավելի քան 100.000 մարդու լքել տարածքը սեպտեմբերի սկզբից:
Նույն ամսին BP-ն ներկայացնող բարձրաստիճան դեմքեր, այդ թվում՝ նրա նախագահ Հելգե Լունդը և նախկին գործադիր տնօրեն Ջոն Բրաունը, այցելեցին Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի հանգուցյալ նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի տոնակատարություններին և վերահաստատեցին «Ադրբեջանի հետ երկարաժամկետ գործընկերության» իր հանձնառությունը, ասված էր ընկերության հաղորդագրության մեջ։
BP-ն 2020 թվականից Բաքվին մատակարարել է գրեթե 35 մլրդ դոլար (28,6 մլրդ ֆունտ ստեռլինգ) նավթ և գազ՝ համաձայն «արտադրության բաշխման համաձայնագրի»:
Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը, նախագահ դարձավ իր հոր մահից հետո՝ 2003 թվականին, ընտրություններից հետո, որոնք, ԵԱՀԿ դիտորդները պնդում են, որ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
Դոմինիկ Իգլթոնը՝ Global Witness-ի ավագ քարոզիչն ասել է. «BP-ի երկարամյա համագործակցությունն Ալիևի «բռնապետության» հետ ֆինանսավորել է Ադրբեջանի ռազմականացումը և ագրեսիան Հայաստանի դեմ։ BP-ն ուրախ է շարունակել հորատումը՝ ոչինչ չսովորելով Ռուսաստանում կատարած պատմական սխալից»,- նշում է The Guardian-ը՝ շարունակելով մեջբերել Իգլթոնի խոսքերը, որ բռնակալներին ֆինանսավորելը միշտ էլ վատ ռազմավարություն է:
Ըստ The Guardian-ի՝ անցյալ շաբաթ BP-ն երրորդ եռամսյակում 3,3 միլիարդ դոլարից ավելի թույլ շահույթ գրանցեց՝ համեմատած նախորդ տարվա նույն ամիսների 8,2 միլիարդ դոլարի հետ, ինչը ենթադրությունների տեղիք տվեց, որ բաժնետոմսերի ցածր գինը կարող է այն դարձնել գրավման թիրախ, իսկ BP-ի խոսնակն ասել է, որ ընկերությունը «երեք տասնամյակ ներկա է եղել Ադրբեջանում, և մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանում անվտանգ, հուսալի և ճկուն էներգետիկ բիզնես գործունեությանը»:
«1990-ականներին BP-ի և Ադրբեջանի կառավարության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ նավթային ընկերությունից պահանջվում է պետությանը հանձնել հանածո վառելիքի մասնաբաժինը, որն արտադրում է այդ նախագծերից: Նմանօրինակ պայմանավորվածությունները սովորական են նավթի և գազի արդյունաբերությունում, որպես օտարերկրյա ընկերությունների և ընդունող պետության միջև հանածո վառելիքի նախագծերի զարգացման ռիսկն ու պարգևը կիսելու միջոց:
BP-ն ունի Ադրբեջանի նավթագազային նախագծերի ամենամեծ մասնաբաժինն այլ արտասահմանյան նավթային ընկերությունների հետ միասին, ներառյալ՝ ամերիկյան Exxon Mobil ընկերությունը, նորվեգական Equinor-ը և ռուսական Lukoil ընկերությունը, որոնք փոքր մասնաբաժիններ ունեն նախագծերում:
BP-ի ֆինանսական բացահայտումները ցույց են տալիս, որ նա 2020 թվականից ի վեր Բաքվին մատակարարել է համաշխարհային շուկայում գրեթե 35 միլիարդ դոլար արժողությամբ նավթ և գազ: Այս գումարը չորս անգամ գերազանցում է կառավարության ռազմական ծախսերը նույն ժամանակահատվածում, որոնք, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի՝ հասել են 7,9 միլիարդ դոլարի։
«Մենք աջակցում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և հուսով ենք, որ վերջնական լուծում շուտով կգտնվի»,- հավելել է BP-ի խոսնակը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ էթնիկ հայերի արտագաղթը հավասարազոր է «էթնիկ զտումների և ժողովրդին հայրենիքից զրկելու ուղղակի գործողության»։
Այս պնդումը կտրականապես մերժվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից, ով ասել է, որ շրջանի բնակիչների զանգվածային միգրացիան «անձնական և անհատական որոշում է և կապ չունի բռնի տեղահանության հետ»»,- գրել է նախօրեին The Guardian-ը։