Արդյո՞ք ադրբեջանական կողմը նախապայման է դարձրել 8 գյուղերի «վերադարձը»՝ «խաղաղության պայմանագրի» կնքման համար. լրագրողը՝ Կոստանյանին
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հնարավոր «խաղաղության պայմանագրում» տեղ գտած կարևորագույն կետերի վերաբերյալ հարցերին:
Նրա խոսքով՝ հայկական կողմի համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը:
«Կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման այս հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջև սահմանագծի ամրագրումը: Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի 4 սկզբունքների արձանագրումը, որոնք ներառված են նաև Գրանադայի հայտարարության մեջ: Նախկինում ևս ասել ենք, որ կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ այս հարցերի շուրջ երկու կողմերը դեռևս պետք է մոտեցնեն իրենց դիրքորոշումները:
Կոստանյանը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ն շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում:
Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ»-ին՝ Կոստանյանն ասաց, որ այն կառավարության տեսլականն է, թե իրենք ինչպես են պատկերացնում ապաշրջափակումը՝ տարածաշրջանում, և ՀՀ-ի՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ՀԱԲ դառնալու ծրագիրը:
Նրա խոսքով՝ այս նախագիծն իրենք այժմ ակտիվ ներկայացնում են միջազգային բոլոր գործընկերներին:
Կոստանյանը հստակ չպատասխանեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը նախապայման է դարձրել 8 գյուղերի «վերադարձը»՝ «խաղաղության պայմանագրի» կնքման համար:
«Կա ընկալում, որ խնդիրները, որոնք կապված են դելիմիտացիայի հետ, պետք է քննարկվեն դելիմիտացիայի հանձնաժողովում»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Այդ հանձնաժողովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել ամիսներ առաջ: Առաջիկայում նոր հանդիպման մասին, ըստ Կոստանյանի, դեռևս պայմանավորվածություն չկա:
Կոստանյանից նաև հետաքրքրվեցին, թե ինչ է անում ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգված ու շինծու քրեական գործերով ձերբակալված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին ու մեր մյուս հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ: Նա ասաց, որ մարդու իրավունքներով զբաղվող բոլոր հարթակներում այդ խնդիրը բարձրաձայնվում է:
«Գիտեք, որ կան իրավական գործընթացներ նաև ՄԻԵԴ-ում, Միջազգային արդարադատության դատարանում: Մենք օգտագործում ենք ԱԳՆ-ին հասու ամբողջ գործիքակազմը, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, օր առաջ վերադառնան»,- ասաց Վահան Կոստանյանը:
Իսկ առաջիկա ՀԱՊԿ գագաթաժողովին, փոխնախարարի խոսքով, Հայաստանը տեսականորեն կարող է և՛ մասնակցել, և՛ չմասնակցել:
Նազելի Ստեփանյան