Կառավարությունը 50.000 դրամ երկամսյա աջակցությունից կզրկի հյուրատներում ապրող և 2 միլիոն դրամից ավելի գումար ունեցող արցախցիներին

ՀՀ կառավարության այսօրվա նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ. գործադիրի ներկայացուցիչները հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, ապա անցան օրակարգային հարցերի քննարկմանը։

Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հարցը ներկայացնելիս նշեց՝ նախատեսում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար՝ տրամադրելով 50 հազար դրամ։

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոցներ ունեցող անձինք»,- ասաց նախարարը՝ նշելով, որ խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների մասին է, այլ այն անձանց, ովքեր այդքան դրամ ունեն իրենց հաշվին։

Կարդացեք նաև

Նարեկ Մկրտչյանը հավելեց՝ բացառություն կկազմեն նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք:

«Ծրագրից չեն կարող օգտվել մինչև տեղահանումը Հայաստանում հաշվառվածները։ Ծրագրի համար դիմում լրացնելիս դիմողը կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որից հետո ԿԲ-ն կպարզի մնացորդը, և սահմանված շեմը չգերազանցող անձանց կկատարվեն վճարումները:

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել  էլեկտրոնային մեկանգամյա դիմում: Դիմումները կընդունենք եկող շաբաթվանից սկսած: Վճարումներն իրականացվելու են անկանխիկ տարբերակով»,- մանրամասնեց նա:

Միջոցառման համար ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի շուրջ 10 միլիարդ դրամ։

Նիկոլ Փաշինյանը նախարարից հստակեցրեց, թե արդյո՞ք հյուրանոցներից և հյուրատներից դուրս գալուց հետո քաղաքացիները կկարողանան օգտվել նաև այս միջոցառման աջակցությունից: Ի պատասխան՝ Նարեկ Մկրտչյանը հաստատեց:

Նիկոլ Փաշինյանի մյուս՝ «եթե հյուրանոցներում են շարունակում բնակվել, 40+10 հազար ծրագրի գումարներն էլ իրենց չենք տալիս, ճի՞շտ է» դիտարկմանն ի պատասխան՝ նախարարը նշեց, որ դեռ շարունակում են վճարումները, բայց նոյեմբեր ամիսը կրկին պետք է դիմումի հիման վրա տրամադրեն:

«Շատ լավ,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով,- Այստեղ տրամաբանությունն այն է, որ մենք, իհարկե, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հնարավոր պայմաններում տեղավորել ենք: Հիմա տրամաբանությունն այն է, որ այս ծրագրերի արդյունքում նրանք նաև պետք է հյուրանոցներից դուրս գան, որպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ այդ առնչությամբ նկատեց, որ ամսաթիվ է սահմանվել. «Մինչև նոյեմբերի 15-ը պետք է ազատեն այդ վայրերը, որպեսզի կարողանան դիմումներ ներկայացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս