ՀՀ իշխանություններին ձեռնտու է, որ արցախցիները հեռանան Հայաստանից, քանի որ նրանք Փաշինյանի ուժի պոտենցիալ ընտրողները չեն. Սուրեն Սուրենյանց
Այս տարվա հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանը բավականին երկարաշունչ խոսեց Հայաստանի «ժողովրդավարության» մասին: Նաև հայտարարեց, թե ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Արցախում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ՝ այդ գործը «պատվով կատարելով»:
«Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի, և այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել՝ առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու»,- հայտարարել էր Փաշինյանը:
Ի դեպ, Փաշինյանի այս կարծիքը վերջերս հրապարակայնորեն կիսեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նրանք, սակայն, մոռացան խոսել ամենակարևոր՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ինքնորոշման ու իրենց հայրենիք վերադառնալու վերաբերյալ կարևորագույն հարցերի մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Արցախից բռնի տեղահանված ավելի քան 4000 արցախցի ՀՀ տարածք հասնելուց շատ կարճ ժամանակ անց լքել է հայրենիքը՝ բռնելով գաղթի ճանապարհը: Իսկ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն կատարում՝ արտագաղթը կանգնեցնելու ուղղությամբ:
Ընդհակառակը: Ընդունվում ու կայացվում են որոշումներ, որոնք կարող են է՛լ ավելի սրել առկա առանց այն էլ բարդ իրավիճակը: Իսկ Արցախից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցների խնդիրները ՀՀ իշխանությունը դիտարկում են միայն սոցիալական դաշտում ու դրանք լուծված համարելով՝ միայն 100.000-ական կամ 40+10 դրամներ աջակցություն տրամադրելով:
Միևնույն ժամանակ արցախցի մեր հայրենակիցներն արդեն այսօր ՀՀ սոցապ նախարարության մոտ պահանջում էին ծառայության համար օրենքով իրենց հասանելիք թոշակները՝ ՀՀ կառավարության կողմից զրկված լինելով դրանցից:
Այդ թոշակները ստանալու համար արցախցիները կանգնեցվել են ընտրության առջև՝ կա՛մ դառնալ ՀՀ քաղաքացի, կա՛մ ստանալ փախստականի փաստաթուղթ:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրախորհրդարանում Փաշինյանի արած հայտարարությանը՝ համոզմունք հայտնեց, որ այդ առումով ներկա իշխանությունները գլուխ գովելու որևէ տեղ չունեն, քանի որ Արցախի մեր հայրենակիցներն արտագաղթել են իրենց հայրենի երկիր: Իսկ նրանց մեծամասնությունն այստեղ, բնակարանային հարցերից մինչև կենցաղավարություն, կազմակերպել է՝ շնորհիվ իրենց հարազատների ու հանրության ներկայացուցիչների, և ո՛չ կառավարության ջանքերի:
«Անձամբ ես մի քանի ընտանիքի տեղավորման պատմությանը ծանոթ եմ: Դրանցից որևէ մեկին պետությունն այդ հարցում չի օժանդակել: Այսինքն, այնպես չէ, որ 100.000 մարդ եկել էր, մնացել էր պետության հույսին, պետությունն էլ լուծել է այդ հարցերը: Այդ գործընթացի սահուն ու անցնցում լինելը միայն դրա արդյունքն է: Մարդիկ եկել են մի միջավայր, որտեղ լեզվական, սոցիալ-հոգեբանական ու այլ կարգի խնդիրներ չունեն: Միևնույն ժամանակ հիմա էլ դեռ փոքր չէ մարդկանց թիվը, որոնք շարունակում են մնալ անօթևան ու բնակվել մարզադահլիճներում: Այնպես որ, այդ խնդիրը չի կարող համարվել լուծված: Չեմ ասում, թե դա հեշտ գործ է, բայց Փաշինյանի նշած արտառոց ջանքերն ու արդյունքներն էլ չկան»,- ընդգծեց Սուրենյանցը:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից տրամադրվող միանվագ աջակցությանը, ապա, ըստ Սուրենյանցի, դա արցախցիների ունեցած հոգսերի ու ծախսերի անգամ մի փոքր մասը չի ծածկում: Մյուս կողմից, այդ միանվագ գումարները ստացող քաղաքացիները չեն ստանում օրենքով հասանելիք իրենց թոշակներն ու նպաստները:
«Բոլորս էլ շփվում ենք արցախցիների հետ: Բոլորս էլ տեղյակ ենք առկա իրավիճակին: Գիտենք, թե որքան դժգոհություններ կան: Իրենք պետության միջամտությունը շատ քիչ են զգում: Ուղղակի նրանցից շատերն ըմբռնումով են մոտենում՝ հաշվի առնելով Հայաստանի այսօրվա իրավիճակը: Մենք էլ ըմբռնումով կմոտենանք, եթե Փաշինյանը չխոսի իր կառավարության «արած ինչ-որ արտառոց քայլերի» մասին»,- ասաց Սուրենյանցը:
Այս համատեքստում քաղաքագետն անդրադառնալով արցախցիների՝ աննախադեպ ծավալների հասած արտագաղթին, ասաց, որ ինքը շահագրգռություն չի տեսնում ՀՀ կառավարության կողմից՝ արցախցիների մնալու հարցում:
Նա Փաշինյանին կոչ արեց ինքնագովեստի փոխարեն պարզաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված ընդամենը 1 ամսվա ընթացքում ՀՀ եկած արցախցիների 4-5 տոկոսի արտագաղթը դեպի Ռուսաստան:
«Եթե ինչ-որ իքս թվով արցախցիներ հեռանան երկրից, ապա, կարծում եմ, ներկա իշխանությունների համար, իրենց օրակարգից ելնելով, դա նույնիսկ ձեռնտու կլինի: Իհարկե, գիտեմ, որ շատ վատ կանխատեսում եմ անում, բայց այդպես եմ զգում նաև իշխանությունների գործելաոճից: Նիկոլ Փաշինյանն ինչ անում է՝ առաջին հերթին մտածում է իր իշխանության պահպանման մասին: Իսկ դրա համար ակնհայտ է, որ արցախցի մեր հայրենակիցների մեծ մասն իր պոտենցիալ ընտրողը չէ»,- ասաց նա:
Այս ընթացքում, երբ ՀՀ իշխանություններն իրենց քաղաքականությամբ նպաստում են ՀՀ-ից արցախցիների հեռանալու գործընթացին՝ ադրբեջանցիները հայտարարում են «ադրբեջանցի փախստականների՝ ՀՀ վերադառնալու մասին»՝ հավելելով, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում չեն պատրաստվում որևէ քննարկում ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Ադրբեջանի, այսպես կոչված, «Արևելյան Ադրբեջանի համայնք»-ի ներկայացուցիչներն Ադրբեջան այցելած Գերմանիայի ԱԳՆ-ին նախօրեին մեղադրել էին «Ադրբեջանի տարածքում գտնվող» Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի բնակավայրերը հայկական տարբերակով անվանելու մեջ՝ հավելելով, թե «այդ կեղծ անվանումները Հայաստանի կողմից շրջանառության մեջ են դրվել՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շրջանակում՝ առանց պատմական կամ իրավական հիմքերի»:
«Եթե գերմանացի նախարարը տեղանունների հարցում մեծ նշանակություն է տալիս պատմական ճշմարտություններին, ապա նա պետք է օգտագործեր իր այցելած վայրերի իրական, պատմական անվանումները, այդ թվում՝ Էրիվան, Քեշիշքենդ, Արազդեյեն, այլ ոչ թե այդ հորինված անվանումները»,- ասվել էր ադրբեջանական շինծու համայնքի հայտարարության մեջ՝ ուղիղ ակնարկելով Հայաստանի տարածքները ևս իրենցը համարելու մասին:
«Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների մասին վաղուց է հայտնի: Այնպես չէ, որ կարող ենք 100 տոկոս հավաստիությամբ պնդել, որ ադրբեջանական ագրեսիա այս անգամ չի իրականացվի՝ Սյունիքի կամ Գեղարքունիքի ուղղությամբ: Մանավանդ, որ Ադրբեջանը, այո՛, բացահայտ խոսում է իր հավակնությունների մասին: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք խորը վերլուծության պետք է ենթարկվեն»,- ասաց Սուրենյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք առաջիկայում ՀՀ ներկա իշխանությունները չե՞ն խոսի, օրինակ՝ Սյունիքից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին «գերազանց ընդունելու» վտանգի մասին՝ Սուրենյանցը պատասխանեց, որ ներկա իշխանությունների մնալու պարագայում արտաքին անվտանգային ռիսկերը միայն ավելանալու են:
Նազելի Ստեփանյան