«Փաշինյանն ասում է՝ Հայաստանը դառնալու է տարածաշրջանային մերսման սրահ՝ «Happy end»-ով». Լևոն Նազարյան

Այս իշխանությունը հայոց պատմությանն առաջին թիրախային հարվածը հասցրել է, երբ սկսեց խմբագրել այն։ Առաջին նման փորձը՝ գիտական իրականության մեջ, տեղի է ունեցել 19-րդ դարում, և նպատակը մեկն է եղել՝ թաքցնել հայ ժողովրդի բնաջնջման, ցեղասպանության փաստը։ Այս մասին 168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Լևոն Նազարյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում «Հայոց պատմության» դասագրքում տեղ գտած սխալներին։

Լևոն Նազարյանի բնորոշմամբ՝ 19-րդ դարում հայոց պատմությունը խմբագրելու փորձերի հիմնական թեզը եղել է՝ հայ ժողովուրդը ոչ թե բնիկ, այլ եկվոր ժողովուրդ է։ Դեռ այն ժամանակ Մովսես Խորենացուն համարում էին «պատմության կեղտոտ զեղծարար»։ Այդ ամենը կրկնվեց 2-րդ անգամ՝ արդեն 21-րդ դարում, երբ 1915 թվականի իրադարձությունները, այսպես ասած՝ «զիփ» արած տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նկատմամբ։

«Մարդիկ դասագիրք գրելը դարձրել են բիզնես գործունեություն, մտքներով ինչ անցնում է՝ գրում են, ինչ ուզում՝ անում են, մոռանալով, որ դասագրքում չի կարելի գրել տեսություններ, այլ պետք է գրել միայն կոնկրետ փաստական ապացույցներ։ Եթե մինչև 2018 թվականը ՀՀ-ում որևէ մեկը համարձակվեր հայոց պատմության նման դասագիրք գրել, իշխանությունները, կներեք գռեհիկ արտահայտությանս համար, դասագիրքը կոլորեին և կմտցնեին գրողների համապատասխան վայրը։ Սա գիտական հետազոտություն ու ուսումնասիրություն չէ, և այն ամենը, ինչ գրվում է դասագրքերում, ցույց է տալիս պետության պաշտոնական դիրքորոշումն ու պետական քաղաքականությունը նման հարցերի շուրջ։ Սա ուղղակի հրավեր է Հայաստանի թշնամիներին, քանի որ պարզ ասում են՝ սա է ՀՀ պետական քաղաքականությունը, և մենք պատրաստ ենք ցեղասպանվելու, բացում ենք Հայաստանի դռները ձեր առջև։ Արդյունքում՝ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- շեշտեց Լևոն Նազարյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգից, Լևոն Նազարյանն ասաց, որ այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սկսվել են դեռևս 2018-2019 թվականներից, երբ հայտարարեց, որ իրենք իզմ-եր չունեցող իշխանություններ են, ինչը, ըստ Լ. Նազարյանի՝ պարզապես խայտառակություն էր։ Իսկ բացի քաղաքական ու քաղաքագիտական խայտառակությունից, այն լուծում էր նաև որոշակի հեռահար խնդիր։ Թեև մինչև 44-օրյա պատերազմը հայտարարում էր, թե չի զբաղվում և չի զբաղվելու աշխարհաքաղաքականությամբ։

Կարդացեք նաև

«Սա նույն բանն է, երբ երթուղայինի վարորդը հայտարարի՝ ինքը պատրաստ է տրանսպորտային միջոց վարել՝ առանց ղեկը պահելու։ Այսինքն՝ լինել պետության ղեկավար ու չզբաղվել աշխարհաքաղաքականությամբ, նշանակում է, որ մենք երկու անկախ պետություն ունենալուց հետո վերածվում ենք խաչմերուկի։

Ինչ է նշանակում «խաղաղության խաչմերուկ», հիմա կարող է ասել, որ Հայաստանը դառնալու է տարածաշրջանային մերսման սրահ՝ «Happy end»-ով, մոտավոր սա է ասում, որ՝ գիտեք, դուք ունեցել եք երկու անկախ պետականություն, բայց հիմա այլևս պետականություն չեք ունենալու, փոխարենը՝ ունենալու եք խաչմերուկ։ Նախկինում նա սա անվանում էր հայկական խաչմերուկ, հիմա այդ նշաձողն էլ է իջեցրել, Արցախի նշաձողն էլ իջեցրեց, արդյունքում ի՞նչ ստացանք՝ ցեղասպանություն։

Հիմա հռետորական, ողբերգալի հարց եմ բարձրացնում՝ Ստեփանակերտում խաղա՞ղ է, թե՞ չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իշխանության այն պնդումներին, թե Հայաստանը դառնալով խաղաղության խաչմերուկ՝ կապահովի նաև տնտեսական աճ, Լևոն Նազարյանը հեգնանքով հիշեցրեց՝ «Ճապոնիայում էլ գեյշաներն էին տնտեսական աճ ապահովում, կամ Իրանում շաուրմա պատրաստողներն են ապահովում այդ աճը»։

«Ուղղակի հիմա մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ի՞նչ երկիր է ցանկանում ունենալ, ուղղակի երկիր, որը, ժողովրդական լեզվով ասած՝ «տռաս» սպասարկո՞ղ է, թե՞ պետություն, որը կունենա կայացած պետական ինստիտուտներ»,- ընդգծեց նա։

Լևոն Նազարյանը մեկնաբանեց նաև նախորդ շաբաթ ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հնչեցրած հայտարարությունը, թե իր տեղեկություներով՝ ադրբեջանական Զու ներկայացուցիչները ՀՀ-ից օկուպացրել են 200 քկմ տարածք, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրապարակել էր ՀՀ-ի օկուպացված տարածքի մեկ այլ թիվ՝ 150 քկմ ։

«Ես վստահ եմ, Արարատ Միրզոյանին և կապիտուլյանտների այս խմբակին դժոխքում անըդհատ հիշեցնելու են այն ապրիլյան պատերազմի 400 հեկտարի պատմությունը, որով նրանք գիտակցական ու հուզական բռնաբարության ենթարկեցին հասարակությանը։

Հունական ասացվածք կա՝ ասում են, երբ թուրքը խոսում է խաղաղությունից, անպայման պատերազմ է լինելու։ Կարծում եմ՝ Արարատ Միրզոյանը կամ Արաբաթ Միրզոևը, ինչպես նրան անվանել են թուրքերը, շատ լավ գիտի՝ ինչպես է աշխատում թուրքական բանակն ու դիվանագիտությունը։ Թուրքերն ու ադրբեջանցիները հավելյալ տարածքային նվաճումների հոտն առել են։ Թուրքական կողմն իր ամբողջ պատմության ընթացքում երբեք որևէ պայմանագիր չի հարգել, ցանկացած առիթի դեպքում գնացել է առաջ։ Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը մեզ ներկայացնում է՝ որպես խաղաղության խաչմերուկ, դա մեզ համար ուղղակի խաղաղության տապանաքար է լինելու»,- շեշտեց Լ. Նազարյանը։

Անդրադառնալով ՀՀ-ում իշխանափոխության հնարավոր ճանապարհներին ու ընդդիմության անելիքներին, Լևոն Նազարյանն ասաց, որ 2020 թվականից մեկնարկած բողոքի ակցիաները՝ իշխանափոխության պահանջով, չհաջողվեցին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հասարակությանը փորձում էին համոզել գնալ այն ճանապարհով, ինչ ճանապարհով գնացել է Նիկոլ Փաշինյանը, բայց հնարավոր չէ սատանային հաղթել թղթախաղով։

«Սա եղել է ծուղակ, որի մեջ հայկական հասարակությունը հայտնվել է, կային ուժեր, որոնք զգուշացնում էին, որ պետք չէ այդ ճանապարհով գնալ։ Մեր հասարակությունը չի կարողացել վերլուծել ու գնահատականներ տալ 2018 թվականի իրադարձություններին։ Հասարակությանը, այդ թվում՝ շատ քաղաքական գործիչների թվում է, թե իրենք կարողացան հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին փողոցային պայքարի շնորհիվ։ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, որովհետև ունեցել է ավելի կարևոր առաջանահերթություններ, քան իշխանությունը, և ընդառաջ է գնացել իր ժողովրդի՝ ավելի լավ պետություն կառուցելու պահանջին։

Իշխանափոխության միակ տարբերակը փողոցային պայքարը չէ, իհարկե, փողոցային ընդվզումը կարևոր է իշխանության վրա ճնշում գործադրելու համար։ Սակայն այստեղ գործիքակազմը պետք է այլ լինի։ Մենք Նիկոլ Փաշինյանին կհեռացնենք ոչ թե երկրորդ հեղափոխության փորձ անելով, այլ հակահեղափոխություն կազմակերպելով։ Մեզ պետք են էլիտաներ, որոնք կկարողանան այդ հակահեղափոխություններն առաջ տանել։ Մարդիկ ասում են՝ մեկ անգամ բողկ կերանք՝ սխալվեցինք, ես էլ ասում եմ՝ եկեք այս անգամ չսխալվենք, եթե փոխում ենք Նիկոլ Փաշինյանին, ո՞վ է գալու իշխանության, հենց այստեղ է թաղված շան գլուխը»,- ընդգծեց Լևոն Նազարյանը։

Նա վստահ է՝ Հայաստանում էլիտաներ կան, բայց պետք է հասկանալ, որ էլիտան ապրանք չէ, որ կարելի լինի «ալիբաբայով» Չինաստանից պատվիրել։

«Նույն նիկոլական քարոզչամեքենան ու նրանց հովանավորները ժողովրդի մոտ ստեղծել են միֆ, որ դրանցից պետք է հրաժարվել, այս նախկին ու ներկա թեզը կիրառվել է նաև 1918 թվականին՝ բոլշևիկյան հեղափոխության ժամանակ։ Բայց մենք տեսանք, որ հետագայում, երբ Հայրենական պատերազմը սկսվեց, Ստալինը ստիպված էր ցարական սպաներին աքսորից հետ կանչել։ Կան մարդիկ, գործիչներ, այդ թվում՝ ՀՀ նախագահները, անկախ նրանից՝ հասարակությունն ինչ կարծիք ունի, նրանք այն մարդիկ են, ովքեր ի վիճակի են այս պայքարն առաջնորդել, խոսքն այն մասին չէ, որ նրանք գան իշխանության»,- նշեց նա։

Հարցին՝ այդ դեպքում հնարավո՞ր է՝ հենց Սերժ Սարգսյանն առաջնորդի պայքարը, Լևոն Նազարյանը պատասխանեց, որ հասարակության մեծ մասը գիտի, որ իրականում Սերժ Սարգսյանը վերջին 3 տարիներին առաջնորդել է ընդդիմադիր պայքարը, մարդիկ դա ողնաշարով են զգում։

«Եթե դու քաղաքական գործիչ ես, ու քո գիտակցական կյանքը նվիրել ես քո հայրենիքին, նրա կայացմանը, ապա դա քո կենսագրությունն է, և նման մարդիկ իրենց հասարակությունից, ժողովրդից չեն նեղանում։ Սերժ Սարգսյանը եղել է այն նախագահը, ով նույնիսկ արժանանալով ժողովրդի մի հատվածի անշնորհակալ վերաբերմունքին, 2018 թվականից հետո իր թիմի հետ չի լքել քաղաքական, ազգային պայքարի խրամատը։

Հիմա հասարակությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է ունենալ կրկին առաջնորդ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որը կկարողանա վերադարձնել մեր երկրի ռազմաքաղաքական փառքը»,- եզրափակեց Լևոն Նազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս