Բաժիններ՝

Վրաստանը և Սլովենիան ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և նրա սլովենացի պաշտոնակից Մարյան Շարեցը Թբիլիսիում ստորագրել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության հռչակագիր։ Այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Պաշտոնական այցով Վրաստան է ժամանելել Սլովենիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարյան Շարեցը: Նրան ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն… Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանն ստորագրվել է համագործակցության համատեղ հռչակագիր Վրաստանի և Սլովենիայի պաշտպանության նախարարությունների միջև, որը ենթադրում է պաշտպանական գերատեսչությունների մերձեցում և գործընկերության խորացում», – ասված է հաղորդագրությունում։

Մինչև համաձայնագրի ստորագրումը Բուրչուլաձեն և Շարեցը վարել են երկկողմ բանակցություններ, որտեղ քննարկել են երկրների միջև համագործակցության հեռանկարները և միջազգային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները։ Ըստ մամուլի ծառայության՝ Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր պաշտոնակցին ծանոթացրել է պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումներին, որոնք նպաստում են ՆԱՏՕ-ի չափանիշների հետ համատեղելիության բարձրացմանը։

Գերատեսչությունում ընդգծում են, որ սա Սլովենիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Վրաստան։ Այցի շրջանակներում Շարեցը նաև Թբիլիսիում ծաղիկներ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտերում զոհված զինվորների հուշահամալիրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս