Առաջիկայում ապագան է

Այսօր միջազգային փորձագիտական գնահատականներում քննարկվում է Հայաստանի հնարավոր «զոնալ բաժանման հեռանկարը»՝ չբացառելով, որ զարգացումներն ի վերջո կարող են բերել փոքր Հայաստանի բաժանմանը ազդեցության գոտիների՝ թուրքական, ռուսական, պարսկական, ԵՄ-ական…

Մենք ջախջախված ներկայով պետք է գնանք դեպի ապագա։ Չուզենք էլ՝ մեզ տանելու են։ Մենք մեր ձեռքերով մեր ապագան կարող ենք սարքել դժոխք, եթե շարունակենք ճիշտ չհասկանալ անցյալը, ճիշտ չգնահատել ներկան։

Ներկա ազգային պարզունակությունը և մերկանտիլիզմը, որը քարշ ենք տվել բազմաթիվ դարերով մինչև 21-րդ, պետք է էական շտկման ենթարկվի։

Մի կողմից քո ամբողջ էությունը հակադրվում է պետության փլուզման գաղափարին, բայց մյուս կողմից՝ իշխանության վերջին խոսույթը՝ «խաղաղության խաչմերուկը», որն ակնհայտ արհեստականությամբ դրվեց շրջանառության մեջ և անդադար տիրաժավորվում է, իրականում կարող է հանգեցնել հենց դրան։ Վերջին 5 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ այս իշխանության՝ առաջին հայացքից բոլոր արհեստական գաղափարների հետևում իրական մշակված ողբերգության սցենար է։

Նման իշխանության, շփոթված-շոկային հասարակության և դեֆոլտի մեջ գտնվող ընդդիմադիր առաջնորդության պայմաններում ի՞նչը պետք է խանգարի Հայաստանը քարտեզի վրա չտեսնողների սցենարին։

Այս հարցն ունի միայն մեկ պատասխան՝ ՄԵՆՔ։ Բայց որպեսզի այդ մենքը ունենա ձևակերպում, պետք է կտրուկ փոխել աշխատանքի բովանդակությունը, տեխնոլոգիաները, խնդիրները։ Այսօր հուսահատեցնող է ոչ այնքան իշխանության որակը, դա մենք անգիր գիտենք, որքան՝ դիմացը տիրող անճարակությունը՝ մի դեպքում անելիքը լավ չպատկերացնելու պատճառով, մյուս դեպքում՝ գործարքային գույքամոլության։

Նոր բովանդակությամբ նոր համակարգերի ստեղծումը պահանջում է շատ հարցերի հանդեպ վերաբերմունքի վերանայում։

Որպես սկիզբ՝ պետք է ընդունենք պարզ իրողությունները, առողջացման նախնական քայլերը.

  • Անարդար մեխանիզմներով մեծ կապիտալ դիզածները պարտք են Արցախին ու արցախահայությանը։
  • Իշխանությունը որպես միայն փող աշխատելու միջոց ու միջավայր ընկալած անձինք պարտք են պետությանը։
  • Զրոյական սոցիալական պատասխանատվությամբ օլիգարխիան պարտք է այս ժողովրդին։
  • Ինտելեկտուալ անհատները և շրջանակները պարտք են պետությանը, որովհետև տարբեր պատճառներով արդյունավետ չեն եղել, հաճախ լռել են, հաճախ սպասարկել են այլ շահեր։

Եվ այդ պարտքը պետք է վերադարձվի, որպեսզի Հայաստանը ապագա ունենա։

Ժամանակին իշխանությունը որպես փող աշխատելու ընկալումը՝ «փող-պետություն» աշխարհայացքը, փակեց հազարավոր ունակ մարդկանց ճանապարհը։ Կարող ու կիրթ մարդիկ հազարներով թողեցին գնացին, մեկուսացան, չգտան իրենց Հայաստանում, չռեալիզացվեցին։ Տեղը զավթեց այլ որակ։

Այսօրվա՝ ստի և աշխարհի ու պետականության մասին գավառական պատկերացումներով պետության մեր նարատիվը պետք է փոխվի, հակառակ դեպքում ապագան շատ ցավոտ է լինելու։

Մենք 100%-ով տապալեցինք մեր անցյալը, աննորմալ գին վճարեցինք, հիմա ամենանվաստացված, անարժանապատիվ վիճակում ենք՝ անհույս ու անորոշ։ Բայց մեզ սպասում է նոր փուլ։ Առջևում «ապագան» է, որին ընդառաջ մենք գնում ենք անմիտ, անծրագիր, քանդված վիճակում։

Ի՞նչ անել, որ մեր ապագան ոչ թե դժոխք դառնա, այլ՝ հետպատերազմյան վերականգնման փուլ (սա միակ առողջ տարբերակն է)։ Անհրաժեշտ է լինելու մի քանի ցավոտ փաստերի ընդունում, ներկայի ռացիոնալ գնահատում, ներհասարակական համակեցության նոր խաղի կանոնների հաստատում, ապագայի շուրջ ստրատեգիական մտածողություն ու այդ մտածողության տեր մարդիկ։ Ուրեմն պետք է սկսենք ձևակերպել նոր ասելիք, ու դրանք դավանող մարդկանց կոնկրետ ցանկ։ Ու վերջապես հերիք է սպասել, թե իբր ոմանք կձևակերպեն մեզ համար լուծումներ ու իբր կառաջնորդեն պայքարի։ Չեն արել, չեն անելու։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս