Կադիրովի 15-ամյա որդին նշանակվել է «կարևոր» և «պատասխանատու» պաշտոնի
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 15-ամյա որդին՝ Ադամը, նշանակվել է «կարևոր» և «պատասխանատու» պաշտոնի իր հոր անվտանգության ծառայությունում. այս մասին, ինչպես նշում է rbc.ru-ն, հայտնել են Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը, ինչպես նաև Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը:
«Ես անկեղծորեն շնորհավորում եմ իմ սիրելի եղբայր Ադամ Կադիրովին՝ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ծառայության կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- թելեգրամյան ալիքում գրել է Դուդաևը։
Նրա խոսքով՝ Կադիրով կրտսերը իրեն դրսևորել է որպես «խիզախ հայրենասեր, որը պատրաստ է պաշտպանել կրոնը». բացի այդ, նա ընդգծել է, որ դեռահասը մի քանի անգամ եղել է հատուկ ռազմական գործողությունների գոտում։
Դելիմխանովը գրել է, որ իր «սիրելի եղբորորդու» նշանակումն այս պաշտոնում բնական է։ Նրա խոսքով՝ դեռահասը «ապացուցել է, որ արժանի մարդ է, որի համար պատվի և արժանապատվության հասկացությունները առաջին տեղում են»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տղային շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում:
Սեպտեմբերի վերջին Ռամզան Կադիրովը հրապարակել էր տեսանյութ, որտում Ադամը ծեծում է Նիկիտա Ժուրավելին, որը կալանավորվել էր Վոլգոգրադում Ղուրանը այրելու համար։ Ռամզան Կադիրովը խոստովանել էր, որ հպարտ է որդու արարքով: