Նիդերլանդները 500 միլիոն եվրոյի լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային
Նիդերլանդները 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Het Financieele Dagblad թերթը՝ վկայակոչելով Նիդերլանդների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Կաիսա Օլոնգրենին:
Ըստ հրատարակության տվյալների՝ Օլոնգրենն այս օգնությունը խոստացել է նոյեմբերի 2-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ուկրաինա նրա այցի շրջանակներում։
«Նրանց որոշակի աջակցություն է անհրաժեշտ պայքարը շարունակելու համար, – նշել է նախարարի պաշտոնակատարը: – Այս դեպքում խոսքը զինամթերքի մասին է, այս առումով մենք կարողացանք օգնության նոր փաթեթ առաջարկել Ուկրաինային»։
500 միլիոն եվրո ծավալով ռազմական օգնությունը կուղարկվի 2024 թվականին: Դրանից մոտ 260 միլիոն եվրոն կծախսվի հրետանային արկերի վրա, ևս 240 միլիոնը կտրամադրվի տանկային արկերի մատակարարմանը։
Օլոնգրենը հավելել է, որ Նիդերլանդները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»:
Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Նիդերլանդները, այս փաթեթից զատ, 2,1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային: Ներկայում երկիրը սերտորեն համագործակցում է գործընկերների հետ՝ ուկրաինացի օդաչուների վերապատրաստման և հետագայում Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչների փոխանցման համար: