Բլինքենը դարձյալ ժամանել է Իսրայել՝ քննարկելու պաղետինաիսրայելական հակամարտությունը և խաղաղ բնակչության պաշտպանելու քայլերը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկին ժամանել է Իսրայել՝ երկրի կառավարության հետ քննարկումներ անցկացնելու։
Հոկտեմբերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացումից ի վեր Բլինքենն արդեն երկու անգամ եղել էր Իսրայելում՝ հանդիպումներ անցկացնելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցից առաջ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Իսրայելի կառավարության հետ մտադիր է քննարկել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։
Քննարկման թեմաներից կլինեն նաև ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիները և ավելի լայն տարածաշրջանային հակամարտության կանխումը։
Ավելի վաղ Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ՝ վերահաստատելով, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանելու իրեն։ X սոցիալական ցանցում Բլինքենը հայտնել է, որ Բորելի հետ զրույցում շեշտել է քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու, Գազայի հատված հումանիտար օգնություն մատակարարելու և Գազայից օտարերկրացիների անվտանգ հեռացումն ապահովելու անհրաժեշտությունը։
Նոյեմբերի 1-ին և 2-ին «Ռաֆահ» անցակետով Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 700 օտարերկրյա քաղաքացի, ինչպես նաև տասնյակ ծանր վիրավորներ։
Իսրայելը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելական կողմում սպանվել է 1400 մարդ։ Ավելի քան 240 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելի կողմից ցամաքային գործողության մեկնարկի վերջին մի քանի օրերի ընթացքում իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 23-ի։
Գազայի առողջապահական մարմինները հայտնել են, որ հակամարտության սրացման վերջին շաբաթների ընթացքում սպանվել է առնվազն 9061 մարդ։