Վահագն Հայրապետյանը կհանդիպի դպրոցականների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը 2023 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը: Այն միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Ծրագրի շրջանակում 2023 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 14:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black box) տեղի կունենա «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումը: Երևանի 10 դպրոցներից շուրջ 100 աշակերտներ հնարավորություն կունենան հանդիպելու անվանի երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի հետ:

Վահագն Հայրապետյանը ծնվել է 1968 թվականին Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինը: 1988 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ կոմպոզիցիայի բաժին: 1996-2000 թվականներին Նյու Յորքում սովորել է ջազ երաժշտություն՝ մասնակցելով հայտնի երաժիշտ Բարրի Հարրիսի անհատական դասընթացներին:

Հանդես է եկել մի շարք աշխարհահռչակ ջազմենների հետ՝ Իգոր Բուտման, Դանիիլ Կրամեր, Էլվին Ջոնս, Բարրի Հարրիս և այլք։ Նոր Օրլեանում թողարկել է 3 ձայնասկավառակ՝ «Love for sale», «Trip to New Orleans», «Bop it up»: 1998-2020 թվականներին եղել է «Armenian Navy Band» խմբի դաշնակահարը։ 2005 թվականին հիմնել է «Կատուներ» երաժշտական հայտնի խումբը։ Վահագն Հայրապետյանը մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է, որոնցից են՝ «Խճճված զուգահեռներ», «Եթե բոլորը», «Շորն ու շորշորը», «Բարի լույս» և այլն:

1989 թվականին Վիլնյուսի ջազ փառատոնում արժանացել է Գրան Պրիի: 2013 թվականին ճանաչվել է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգի հաղթող: 2008 թվականին Վահագն Հայրապետյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը:

2023 թվականի ընթացքում «Քո արվեստը դպրոցում» ծրագիրն իրականացվել է Երևանում և ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արարատի մարզերում:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ:

Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները ստանում են ոչ միայն տեսական գիտելիք, այլև հնարավորություն ունեն անմիջականորեն դիտել տվյալ արվեստագետի ներկայացումը, ունկնդրել համերգային կատարումը: Երեխաները մասնակցում են հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրությանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում լինում է նաև հարցուպատասխանի հատված, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:

Տեսանյութեր

Լրահոս