Հայաստանի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար հատկացումները կրկնապատկվելու են
2024 թվականի պետական բյուջեով հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ։
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կապիտալ ծախսերի հաջորդ ուղղությունը, որը ցանկանում եմ ընդգծել, հուշարձանների ոլորտին է վերաբերվում, որտեղ ունենք 2024 թվականի համար ռեկորդային ցուցանիշներ. հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգման համար նախատեսում ենք ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որը կրկնակի ավելի է 2023 թվականի համեմատ։ Ընդ որում, ասեմ, որ 2023 թվականին արդեն իսկ էական աճ է գրանցվել՝ ավելի քան 600 միլիոն դրամ, որը ևս նախորդ տարիների համեմատ էական ավելացում էր»,- ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ 13 հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգման աշխատանքներ են իրականացվելու, ինչպես նաև 9-ը հուշարձանների գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ներառյալ պեղումների աշխատանքներ են իրականացվելու։