Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու միջոցները։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների` Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում նախարարներն անդրադարձել են երկկողմ մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում վերջին իրադարձությունները և հրադադարի ռեժիմի հասնելու ուղիները։
Սա Աբդոլլահիանի և Ֆիդանի երկրորդ հանդիպումն է հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում էսկալացիայի հերթական փուլի մեկնարկից հետո։ Ավելի վաղ նախարարները հանդիպում են անցկացրել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում։
Ավելի վաղ Tasnim-ը հաղորդել էր, որ Աբդոլլահիանն Անկարայում հանդիպում կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Իրանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիա է ժամանել Կատարից, որտեղ բանակցություններ է վարել արաբական երկրի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի, էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բին Աբդել Ռահման ալ Թանիի, Թաիլանդի արտաքին գործերի նախարար Փանփրի Փահիթհանուկոնի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ: