ՄԻՊ-ն արձանագրել է ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների համակարգային խնդիրներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների կողմից կատարված մշտադիտարկման այցերի, Պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների հետևյալ համակարգային խնդիրները՝
∙ բժշկական հետազոտությունների և ստացիոնար բուժման նպատակով ազատությունից զրկված անձանց ՔԿՀ-ներից քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է։
Մարդու իրավունքների պաշտպանն այս առումով ստանում է բազմաթիվ բողոքներ, երբ անձանց հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է անգամ այն պարագայում, երբ առկա է շտապ հոսպիտալացման ցուցում։ Այս հանգամանքը հաճախ պայմանավորված է նաև ազատությունից զրկված անձանց տեղափոխման և պահպանման ռեսուրսների սակավությամբ։ Մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանումը պետության պոզիտիվ պարտականությունն է, և որևէ հանգամանք չի կարող արդարացնել իրավունքների ոչ պատշաճ իրացումը,
∙ բազմաթիվ են բողոքները ոչ միայն հիվանդանոցներ տեղափոխելու, այլ նաև տարբեր պատճառաբանություններով քաղաքացիական հիվանդանոցներ չընդունելու և այնտեղ բուժօգնության հետագա գործընթացները պատշաճ չկազմակերպելու վերաբերյալ։
Շատ դեպքերում, եթե նույնիսկ ազատությունից զրկված անձինք ընդունվում են ստացիոնար բուժման, ապա հրատապ կարգով դուրս են գրվում` առանց պատշաճ բուժօգնություն ստանալու։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չունի բազմամասնագիտական բժշկակական ծառայություններ մատուցելու հնարավորություն, ինչի արդյունքում էլ ազատությունից զրկված անձինք հաճախ զրկվում են անհրաժեշտ ծավալի բուժօգնությունից,
∙ խնդիրներ են արձանագրվել նաև քաղաքացիական հիվանդանոցներում ազատությունից զրկված անձանց անվճար սկզբունքով հիվանդասենյակներ տրամադրելու հետ կապված։ Հաճախ ազատությունից զրկված անձինք ստիպված են լինում հրաժարվել ստացիոնար բուժօգնությունից՝ չկարողանալով վճարել առանձին հիվանդասենյակի համար։
Ազատությունից զրկված անձանց բուժօգնությունն ու սպասարկումը պետք է կազմակերպվի այնպիսի հիվանդասենյակներում, որտեղ հնարավոր կլինի ապահովել վերջիններիս անվտանգությունը և պահպանությունը՝ հաշվի առնելով նաև ուղեկցող քրեակատարողական աշխատակիցների պարտադիր ներկայությունը, և ընդհանուր հիվանդասենյակներում այլ բուժառումների հետ կեցության անհնարինությունը։ Այս առումով հրատապ է պետության կողմից համապատասխան կառուցակարգերի մշակումն ու պատշաճ իրացումը,
∙ մեկ այլ խնդիր է ազատությունից զրկված անձանց բժշկասոցիալական փորձաքննություններ անցնելու համար անհրաժեշտ հետազոտությունների ժամանակին կազմակերպումը, ինչի արդյունքում նրանք որոշ դեպքերում զրկվում են հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից, այդ թվում` կենսաթոշակից կամ նպաստից,
∙ շարունակում է խնդրահարույց մնալ ազատությունից զրկված անձանց` բժշկի կողմից ցուցված անհրաժեշտ դեղորայքով ապահովելու հարցը։ Արձանագրվել են դեպքեր, երբ անձը մշտական դեղորայքի ցուցմամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղ համապատասխան դեղը նրան չի տրամադրվել դրա բացակայության կամ ոչ աշխատանքային օրվա հետ կապված կազմակերպչական խնդիրների պատճառաբանությամբ։
Պաշտպանն ընդգծում է, որ համակարգային խնդիրներ են առկա նաև դեղերի գնման գործընթացում, ինչը կարիք ունի հրատապ լուծման։
Իրավունքների երաշխավորման տեսանկյունից կարևոր է, որպեսզի դեղերի գնումները կազմակերպվեն այն տրամաբանությամբ, որ բժշկական ցուցման պարագայում ազատությունից զրկված անձին առանց ձգձգումների տրամադրվի անհրաժեշտ դեղորայքային բուժում:
Վերը նշված հարցերը մշտապես բարձրացվել են ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի արտահերթ և տարեկան զեկույցներով, առանձին գրություններով, այնպես էլ ոլորտային քննարկումների ընթացքում, սակայն որևէ արմատական լուծում չեն ստացել։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է Առողջապահության նախարարությանը և այլ իրավասու մարմիններին վերհանված համակարգային խնդիրների լուծման նպատակով ձեռնարկել հրատապ քայլեր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով։