«4 մլրդ դրամ հատկացրել ենք Մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար». Ֆինանսների նախարար
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոսելով Երևանի Մետրոպոլիտենի խնդիրների և ֆինանսավորման մասին՝ ասաց, որ 2024թ. Մետրոպոլիտենի վերազինման և ենթակառուցվածքների զարգացման համար գումար նախատեսված է, և եթե որոշվի, որ խնդիրների լուծումը հրատապ է, և այս տարի պետք է իրականացվեն, ապա կնայեն բյուջետային հնարավորությունները և հատկացումներ կանեն։
«1,5 մլրդ հատկացված է վերազինման համար, կան նաև տարբեր վարկային ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են, սա 1,5 մլրդ-ի մեջ չի մտնում։ Մենք նաև 4 մլրդ դրամ հատկացրել ենք Մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար։ Մենք 2022-23 թվականներին գումար ենք հատկացրել այդ նոր կայարանի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար։ Ենթադրվում է, որ 2023 թվականի վերջում նախագծման աշխատանքները պետք է ավարտվեն, և 2024 թվականին պետք է սկսվեն շինաշխատանքները»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա, Երևանի քաղաքապետարանն արդեն դիմել է Ֆինանսների նախարարությանը, որպեսզի գումար հատկացնի Մետրոպոլիտենում առաջացած խնդիրների լուծման համար, և, ըստ Ֆինանսների նախարարի, հարցեր են տրվել, որպեսզի ավելի լավ հասկանան հարցի հրատապությունը և վերաբաշխման նպատակները։
«Մենք՝ որպես հանրային ֆինանսների կառավարման պատասխանատու ստորաբաժանում, պետք է վստահ լինենք, որ այն ծախսերը, որոնք մենք իրականացնում ենք, դրանք առաջնահերթ են, թիրախային են և կարևոր են հենց այս պահին իրականացնելու համար։
Ինչպես գիտեք, Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, ԼՂ-ից բռնի տեղահանված մարդիկ, որոնք մեծ կարիքներ ունեն, հետևաբար՝ մենք գումարներն այս կամ այնտեղ հատկացնելուց առաջ պետք է վստահ լինենք, որ մենք լուծում ենք ամենակարևոր խնդիրները, մեր գումարներն անարդյունավետ չենք ծախսում»,- շեշտեց Վահե Հովհաննիսյանը։