Չգիտեմ, 81 հազար ստանայի, ինչ որոշում կկայացնեի, մեզ հանրությունն է աշխատավարձ տալիս. Հովհաննիսյան
«Ես չգիտեմ, թե ինչու են մարդիկ փող ստացել, կաշառք անվանել դա չեմ կարող։ Եթե քրեական վարույթ լինի, այդ ժամանակ գուցե ասվի՝ կաշա՞ռք է դա եղել, թե՞ ոչ։ Բայց ես լսել եմ այն մասին, որ նախկինում շատ պաշտոնյաներ ստացել են՝ որպես աշխատավարձի հավելում»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ է՝ նախկինում որևէ մեկը պաշտոնյաներին կանխիկով փող բաժանե՞լ է, եթե այդպես է, ապա հիմա ստացվում է, որ պարգևավճար տալով՝ օրինականացրե՞լ են կաշառքը։
Ըստ նրա՝ պարզ է, որ նախկինում այդ մարդիկ իրենց աշխատավարձով չէին ապրում, կամ աշխատավարձն իրենց միակ եկամուտը չէր։ Այս մասին է վկայում այն, որ բազմաթիվ ապօրինի գույքի հետ կապված մարդիկ անցնում են, նրանք աշխատել են պետական համակարգում, բայց ունեն բազմաթիվ գույքեր։
«Այդ գույքերի ծագումը չեն կարող ցույց տալ կամ գուցե կարող են ցույց տալ, բայց դժվար թե այն աշխատավարձը, որ իրենք ստանում էին, բավարարեր միլիոնանոց գույք ունենալու համար։
Ուրախությամբ եմ ասում, որ այսօր մեր կառավարման համակարգում նման դեպքեր չկան, կամ գուցե մեկ դեպք լինի, կամ մամուլում կարդանք, որի ապացույցները չգիտեմ։ Ուրախ եմ, որ մեր պետական պաշտոնյաներն այն, ինչ ստանում են, հայտարարագրում են։
Կարծում եմ՝ մենք ոչ թե կաշառքն են օրինականացնում, այլ սա պետության բյուջեից հանրության կողմից տրված աշխատավարձն է, ոչ թե մեկ անձի կողմից տրված աշխատավարձ։ Այդ մեկ անձը, ով վճարում է այդ աշխատավարձը, ինքն էլ թելադրում է, թե դու ում ես ծառայում։ Հիմա ես երջանիկ եմ, որ ինձ ոչ մեկն աշխատավարձ չի տալիս, բացի հանրությունից։ Ես հանգիստ խղճով եմ այս հարցին պատասխանում, թե եթե 81 հազար դրամ աշխատավարձ ստանայի, ինչ որոշում կկայացնեի, դրա համար է, երբ մենք այս որոշումները կայացնում ենք, հաշվի ենք առնում մեր հանրության տարբեր խմբերի շահերը, որևէ կաշկանդվածություն չունենք որևէ որոշում կայացնելու համար»,- ընդգծեց Վահե Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
