Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից շուրջ 800 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ առնվազն 800 հազար խաղաղ բնակիչ լքել է Գազայի հատվածի հյուսիսային շրջանները։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Ուրախ ենք տեսնելու, որ ավելի քան 800 հազար պաղեստինցի է տարհանվել հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում է մարտական գործողությունների գլխավոր գոտին։ ՀԱՄԱՍ-ը նրանցից շատերին թույլ չտվեց դա անել, սակայն շատերին, այնուամենայնիվ, հաջողվել է: Հույս ունենք, որ նրանք բոլորը կտարհանվեն սեփական անվտանգության նկատառումներով», – ասել է Կոնրիկուսը:
ԻՊԲ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ հարավում «Ռաֆահ» հսկիչ անցակետով Եգիպտոսից շարունակում է մարդասիրական օգնություն մտնել Գազայի հատված։
Հոկտեմբերի 13-ին Իսրայելը ՄԱԿ-ին տեղեկացրել էր, որ 1,1 միլիոն պաղեստինցիներ պետք է մեկ օրվա ընթացքում տարհանվեն Գազայի հատվածի հարավ։ Իսրայելի պաշտպանության բանակն իր կոչը բացատրել էր այն բանով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները թաքնվում են Գազա քաղաքի տների տակ գտնվող թունելներում և բազմաբնակարան շենքերում։
ՀԱՄԱՍ-ը բնակիչներին կոչ է արել անտեսել Իսրայելի հանձնարարականը: Շարժումը նաև ՄԱԿ-ին դիմել է խնդրանքով՝ միջոցներ ձեռնարկել բռնի տեղահանման դեմ: