Կեղծելուց հաճույք են ստանում. Արցախցի «մեր քույրերի ու եղբայրների» դժբախտության վրա մարդկանց մոլորեցնելու, քաղաքական դիվիդենտներ շահելու փորձ

Արցախն Ադրբեջանին հանձնելուց, մարդկանց իրենց հող ու ջրից, տուն ու տեղից զրկելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում ցույց տալու, թե ինչ հոգատար է արցախցի «մեր քույերի ու եղբայրների» նկատմամբ։ Նրա «հոգատարությունը», իհարկե, բազմիցս տեսել ենք այս տարիների ընթացքում։ Այդ «հոգատարության» ուղղակի հետևանք է նաև այն, որ արցախցին այսօր կորցրել է իր հողն ու ջուրը, իր տունն ու տեղը և հարկադրված ապաստանել Հայաստանում՝ զրկված ամեն ինչից։

Այսքանից հետո կառավարությունն ուզում է համոզել, թե իբր մեծ լավություն է անում՝ մի քանի հազար դրամ ֆինանսական օգնություն տալով։

Թե ինչի՞ն կարող են բավարարել այդ գումարները՝ համատարած բարձր գների պայմաններում, բոլորն էլ լավ գիտեն։ Բայց խնդիրն անգամ դա չէ։

Դեռ գումարները չտված, արդեն թվեր են հնչեցնում, 100 միլիոն դոլարի հասնող օգնությունից են խոսում, երբ այդ գումարի կեսի կեսը նույնիսկ չեն հատկացրել։ Նախատեսում են հատկացնել այս և հաջորդ տարի։

Կարդացեք նաև

100 միլիոնը մտադիր են վեց ամսում ծախսել, բայց այժմվանից այնպես են ներկայացնում, կարծես արդեն ծախսել են՝ 100 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն են տվել արցախցիներին։ Մարդիկ էլ կողքից լսում են ու չիմանալով՝ մտածում, թե ինչ առատաձեռն ու հոգատար է կառավարությունն Արցախի «մեր քույրերի ու եղբայրների» նկատմամբ։

Շատերն էլ գուցե կհանդիմանեն նրանց, ովքեր կփորձեն դժգոհել կառավարության տված օգնությունից։ Ի վերջո, 100 միլիոնը աչք է ծակում։ Բայց միայն այդքանը։

Իրականում այս ամենի տակ ավելի շատ PR կա, քան կոնկրետ արդյունք։

Ժամանակին ապառիկով թոշակներն էին բարձրացնում, հիմա էլ ապառիկով արցախցիներին տրամադրած օգնությունից են մեծ-մեծ խոսում։ Մարդկանց օգնելու ու հոգսերը թեթևացնելու փոխարեն, դեմագոգիայով են զբաղված։ Կառավարության նիստ չկա, որ Նիկոլ Փաշինյանը չհայտարարի, թե 100 մլն դոլարի օգնություն են տրամադրել։ Այնինչ՝ իրականում չեն տրամադրել, պիտի տրամադրեն վեց ամսվա ընթացքում։

Դա էլ դեռ հարց է, կտրամադրե՞ն, թե՞ ոչ։

Հատուկ այնպես են արել, որ մի մասն էլ չկարողանա օգտվել պետության տված այդ մի քանի հազար դրամ օգնությունից։ Պայմաններ են դրել։ Տեխնիկական մասը դեռ մի կողմ. երբեմն այնպիսի չափանիշներ են սահմանել, որ մարդիկ զրկվեն այդ 40 հազար դրամներն էլ ստանալու հնարավորությունից։

Ի՞նչ է նշանակում՝ պարտադիր վարձով տանը պիտի ապրեն, որպեսզի փողը տան։

Ի՞նչ կապ ունի, թե մարդն ուր է ապրում։ Եթե միայնակ է ու չի կարողացել կառավարության տված 40 հազար դրամով վարձով տուն գտնել, ինչն այսօրվա գների պայմաններում, հասկանալի է, անհնարին է, և մի կերպ տեղավորվել է, ասենք, բարեկամի տանը, պիտի՞ զրկվի այդ, առանց այն էլ, չնչին օգնությունից։ Եվ սա միայն միայնակներին չի վերաբերում. երկու-երեք, նույնիսկ չորս անձից բաղկացած ընտանիքների համար էլ դժվար է լինելու կառավարության տված 40-հազարական դրամներով վարձով տուն գտնելը։ Ու եթե չգտնեն, փաստորեն պիտի զրկվեն 40 հազարներից։

Այդքան անկեղծ հոգատարությամբ եք լցված մարդկանց նկատմամբ, փողը տվեք, թեկուզ այդ 40 հազար դրամը, թող իրենք որոշեն, թե ինչի՞ վրա կամ ինչպե՞ս կծախսեն, ի՞նչն է իրենց համար առաջնայինը՝ սնոնւդ առնե՞լը, թե՞ վարձ տալը։

Մեկ գնդակով ուզում են մի քանի թիրախ խոցել։ Արցախիներին օգնելու անվան տակ՝ փորձում են ստիպել գրանցել բնակարանների վարձակալության գործարքները, որպեսզի այդտեղից էլ հարկ գանձեն։ Գործարքների գրանցումն ավտոմատ 10 տոկոսով թանկացնելու է բնակարանների վարձակալության գները, և այդ գումարները դուրս են գալու վարձակալի գրպանից։

Այսպիսի անհարմարությունների պայմաններում, թե քանի՞սը չեն կարողանա ստանալ խոստացված 40-հազարական դրամները, առաջիկայում կտեսնենք։ Բայց որ դրանք քիչ չեն լինելու, շուտով կհամոզվենք։

Կառավարությունը նաև որոշել է, որ կեցության համար նախատեսված 40-հազարական դրամները չպետք է ստանան նրանք, ովքեր Հայաստանում անշարժ գույք ունեն։

Քանի՞ այդպիսի արցախցի կա Հայաստանում, կառավարությունը չի ասում։ Փոխարենը՝ հայտարարվող, բայց դեռևս չտրամադրված 100 մլն դոլարի մեջ նրանց էլ է հաշվում։ Թե ինչո՞ւ, հավանաբար դժվար չէ հասկանալ։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով համակարգում է այս աշխատանքները, հայտարարում է, որ միայն կեցության ու կոմունալ վճարներին վերաբերող որոշման շրջանակներում հատկացվել է 30 մլրդ դրամ։ Մեկ շաբաթ առաջ 27 միլիարդ էր, հանկարծ դարձավ 30 միլիարդ։ Այն դեպքում, երբ այդ օգնությունից չեն օգտվի ոչ միայն նրանք, ովքեր Հայաստանում անշարժ գույք ունեն, այլև նրանք, ովքեր ապրում են պետության տրամադրած ժամանակավոր կացարաններում, խնամքի հաստատություններում կամ այլ տեղ։

Մեխանիկորեն հաշվել են, որ 100 հազար մարդու 6 ամիս 50-հազարական դրամ պիտի տրամադրվի կեցության ու կոմունալի համար, և ստացել են 30 մլրդ դրամ։ Քանի՞սը կօգտվի դրանից, քանի՞սը չի կարողանա օգտվել, քանիսի՞ն է ի սկզբանե կառավարությունը դուրս թողել այդ օգնությունից, կարևոր չէ։ Կարևորը՝ ցույց տան, թե ինչպիսի հսկայական գումարներ են ծախսում արցախցիների վրա։

Արդեն այժմ 3 հազարից ավելի արցախցի լքել է Հայաստանը։ Այս մարդիկ էլ, բնականաբար, չեն ստանալու կառավարության խոստացած 40+10-հազարական դրամները, գուցե նաև 100-հազարները, բայց նրանց էլ են հաշվել, որպեսզի ապառիկով հայտարարվող օգնության գումարներն ավելի ճոխ երևան։

Ավելի քան 3000 արցախցի 1 ամսվա ընթացքում հեռացածներն են։ Իսկ դեռ ինչքա՞ն կհեռանան վեց ամսում։

Նրանք էլ չեն ստանա կառավարության խոստացած 40-50-հազարները։

Թե, ի վերջո, կառավարությունն այդքան շահարկվող այդ 100 միլիոնից իրականում ինչքա՞ն կծախսի արցախցի «մեր քույրերին ու եղբայրներին» օգնելու համար, վերջում կերևա։ Բայց որ այդ գումարները շատ ավելի քիչ կլինեն, քան այսօր ներկայացվում են նշված ծրագրերի շրջանակներում, կասկած չկա։

Փաստացի այս փուլում կառավարության տրամադրած ֆինանսական օգնությունը եղել է 10 մլրդ դրամ՝ 100-հազարական դրամների համար, ևս առավելագույնը 5 մլրդ դրամ կլինի հոկտեմբերի վերջին, եթե, իհարկե, անխտիր բոլորը ստանան 40+10 հազարները։ Ընդհանուրը՝ 15 մլրդ դրամ, ինչը համարժեք է ոչ թե 100, այլ ընդամենը 37 մլն դոլարի։

Սա է ամբողջը, մնացածը դատարկ խոսակցություն է ու արցախցի «մեր քույրերի ու եղբայրների» դժբախտության վրա մարդկանց մոլորեցնելու, քաղաքական դիվիդենտներ շահելու փորձ։ Ի դեպ, այս գումարներն էլ, որոնք կառավարությունը ծախսում է, նաև միջազգային կազմակերպությունների ու դոնորների օգնությունն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս