Նախկինում Արցախի ինքնորոշման համար պայքարած մեր դիվանագետներն այսօր ինչպե՞ս են քնում, հա՞շտ են իրենց խղճի հետ․ Վահագն Մելիքյան
Ադրբեջանից գազ գնելու մտադրության մասին հայտարարությունն Օվերտոնի հերթական պատուհանն է բացում, մատուցվում է մի նոր, լրիվ անսպասելի խոսույթ, որը պետք է հերթական անգամ փորձարկի լայն հասարակական շերտերի դիմադրողականությունը։ Այս, ինչպես և շատ այլ պարագաներում, ներմուծվել են նմանատիպ՝ համարժեք մտածելակերպից դուրս, մեր ինքնության հետ կապված առանցքային մոտեցումների հետ որևէ աղերս չունեցող խոսույթներ, ասույթներ, նախադասություններ, տեսակետներ, դիրքորոշումներ։ Որոշակի ժամանակ է վերցվում՝ հասկանալու, թե ինչպիսի արձագանք կլինի, երբ տարիներ, ամիսներ կամ նույնիսկ օրեր առաջ նման առաջարկներն անսպասելի կլինեին, վատ երազ կթվային։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:
«Արտաբերած խոսքի, դիրքորոշումների առումով կարծես թե որոշակի դերաբաշխում գոյություն ունի։ Կան հարցեր, որոնք չպետք է բարձրաձայնվեն ամենաբարձր մակարդակով, բայց հասարակության լայն շերտերին պետք է լսելի դառնան տարբեր նմանատիպ ներկայացուցիչների, այս դեպքում՝ տարածքային կառավարման փոխնախարարի շուրթերով, որից հետո պետք է հետևողականորեն դիտարկել, թե ինչպիսի արձագանք կստանա նմանատիպ մոտեցումը։ Կան ինստիտուցիոնալ, կազմակերպված, փաթեթավորված և «հիմնավորված» տեսակետներ և դիրքորոշումներ, մյուս կողմից՝ կան որոշակի տաբուներ, որոնք չպետք է բարձրաձայնվեն։ Երևի թե նախկինում ձեռք բերված կուլիսային պայմանավորվածություններ կան, որոնք չեն բարձրաձայնում և մանրամասնում, որ հասարակությունը չհասկանա՝ ինչի հետ գործ ունի, վաղն ինչ մարտահրավերների առջև է կանգնելու»,- ասաց նախկին դիվանագետը:
«Մեր ԱԳՆ-ն չի արձագանքում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին։ Ուրեմն հրահանգ է տրված, որ որևէ արձագանք չլինի։ Մենք նմանատիպ շատ դեպքեր ենք ունեցել, որ պիտի լիներ շատ արագ, կտրուկ և կոշտ արձագանք, բայց ցավալիորեն չենք տեսել այդ արձագանքը։ Սա այդ դեպքերից մեկն է, ապագայում ևս ականատես կլինենք նմանատիպ մոտեցումների։ Ծանր է տեսնել, հետևել մեր դիվանագետների արտաբերած նախադասություններին։ Նրանց մեջ կան մարդիկ, որոնք զարմանք ու շոկ են առաջացնում, երբ գիտես նրանց դիրքորոշումը, մազաչափ չես կասկածում նրանց հայրենասիրությանը, նաև պրոֆեսիոնալ ունակություններին։ Կա պաշտոնական և անձնական, քաղաքացիական դիրքորոշում։ Ի վերջո, այդ մարդիկ ժամը 18-ից հետո ոչ թե դիվանագետներ են, այլ քաղաքացիներ, հայեր, ովքեր տարիներ շարունակ Արցախի անկախության հարցն են բարձրացրել»,- նշեց Մելիքյանը:
Հասարակական գործչի կարծիքով՝ մեր դիվանագետներն Արցախի մասին տասնամյակներով խոսել են ոչ միայն լսելի լինելու համար, այլև պարզապես արտահայտել են իրենց սկզբունքային դիրքորոշումը. «Դիվանագետների շարքերում շատ էին նրանք, ովքեր ոչ միայն պաշտոնական դիրքորոշման հետևորդներ էին, այլև դա իրենց անձնական սկզբունքային տեսակետն էր։ Սա է, որ շոկ է առաջացնում, ինչպե՞ս կարող են նրանք իրենց այսպես պահել։ Շատերն ասում են, որ դիվանագետը քաղաքականությանը չի խառնվում, նա օրվա արտաքին քաղաքականությունն իրագործողն է։ Բայց այդ ամենն ընկալելի կլիներ, եթե մենք չունենայինք այն աղետալի վիճակը, որն այսօր ունենք։ Այդ նույն դիվանագետներն ամենավատ երազում անգամ չէին կարող պատկերացնել, թե ուր ենք հասնելու այսօր։ Այս իրավիճակում նրանք ինչպե՞ս են քնում և արթնանում, հա՞շտ են իրենց խղճի հետ։ Տարիներ շարունակ նրանք դիվանագիտական պայքարի առաջնագծում են եղել՝ պաշտպանելով Արցախի անկախությունը, մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը»:
«Նախկինում մենք շատ հաջողությունների էինք հասել։ Միգուցե որոշ դեպքերում խնդիրներ ենք ունեցել, բայց նմանատիպ իրավիճակը, երբ սկուտեղի վրա օրնիբուն թշնամուն ենք մատուցում այն, ինչն անգամ ինքը իր վարդագույն երազներում չէր կարող տեսնել, խնդրահարույց է։ Այս իրավիճակում որևէ արդարացում ընկալելի չէ։ Դժբախտաբար, հայտնվել ենք մի վիճակում, երբ փրկության կամ դրականի փնտրտուքի ճանապարհին բազմաթիվ արգելքներ կան»,- ամփոփեց Վահագն Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։