Վերնագիրը՝ վերջում
Արցախում տեղի ունեցած ողբերգությունն ու Հայաստանի ներկայիս վտանգավոր իրավիճակը, ի թիվս բազմաթիվ գործոնների, պայմանավորված է նաև իշխանությունների կողմից վարվող հատկապես արտաքին քաղաքականության պարզունակացմամբ, հաճախ ոչ թե ուղղակի, այլ գերպարզունակացմամբ։
Դրա պատճառն իր հերթին, մի կողմից՝ իշխանության վերնախավի, այդ թվում ու առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի ընկալումների, աշխարհայացքի պարզունակությունն է, մյուս կողմից՝ կրկին պրիմիտիվության բերումով ներքին ու արտաքին քաղաքականությունները, դրանց մեթոդաբանությունը տարանջատելու անկարողությունը։
Փաշինյանն իր իշխանության ավելի քան հինգ տարիներին ներքաղաքական օրակարգը գեներացրել ու սպասարկել է առավելապես հակադրությունների, տարանջատումների մեթոդաբանությամբ։
Նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ, հայաստանցիներ-ղարաբաղցիներ․․․ Չնայած բովանդակային նողկալիությանը, այդ մեթոդաբանությունը Փաշինյանի անձնական շահերի տեսանկյունից իրեն արդարացրել է այնքանով, որ դրա միջոցով նրան հաջողվել է մինչև այս պահը պահպանել իշխանությունը։ Թերևս, նաև դրանից քաջալերվելով, Նիկոլ Փաշինյանը նույն՝ հակադրությունների, բարիկադավորման ու տարանջատման մեթոդաբանությունը կիրառել ու շարունակում է կիրառել նաև արտաքին քաղաքականության ասպարեզում։ Բայց դա արվում է նույնքան պարզունակ ու էժանագին միջոցներով, որքան ներքաղաքական կյանքում, ասենք, նախկիններ-ներկաներ տարանջատումը։
Արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային ընկալումները գործող իշխանությունն ամբողջապես տեղավորել է արևմտամետներ-հակաարևմտամետներ, ռուսամետներ-հակառուսներ մոդելներում, ինչի արմատավորմանը ծառայեցվել է ողջ հանրային-պետական քարոզչական ռեսուրսը։
Այդ հակադրությունները վտանգավոր են ոչ միայն ինքնին՝ զուտ որպես արտաքին քաղաքական անթույլատրելի նարատիվներ, այլ նաև ու առաջին հերթին՝ իրենց գերպարզունակությամբ, որի համաձայն, օրինակ, ամենայն արևմտյանը պայծառ է ու բարի, իսկ ողջ ռուսականը՝ հետամնաց ու չար։ Մեթոդաբանությունը նույնական է նաև հակառակ ուղղությամբ, այսինքն՝ դրանով հեշտորեն կարող է սևացվել նույն արևմտյանը և պայծառացվել ռուսականը։
Այս պրիմիտիվացումը չափազանց վտանգավոր է այն իմաստով, որ հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում գործնականում չկան միագիծ, միատարր հասկացություններ, դրանք չեն ենթարկվում լավ-վատ, ազնիվ-անազնիվ, չար-բարի բացարձակ բնորոշումներին, աշխարհաքաղաքականության ամենաբնորոշ հատկանիշը դրա մաս կազմող ու դրա վրա ազդող հասկացությունների անպատկերացնելի հարաբերականությունն է, կախված իրավիճակից՝ այս կամ այն երևույթի, արժեքի, գաղափարի կոնյունկտուրային դրսևորումը։ Եվ խնդիրն այն է, որ արտաքին քաղաքականությունը նման գերպրիմիտիվացման է ենթարկվել ոչ միայն հանրային ընկալումների մակարդակում։
Նիկոլ Փաշինյանն՝ ինքը, արտաքին քաղաքականություն է վարում գործնականում նույնպիսի ու նույնքան պարզունակ մտածողությամբ և մեթոդներով, ըստ իրավիճակի՝ շաբաթվա կենտ օրերին հանդես գալով՝ որպես խիստ հակառուս ու արևմտամետ, զույգ օրերին՝ հակառակը՝ ռուսասեր ու Արևմուտքից հեռավորություն պահպանող։ Փաշինյանի համար սա աշխարհայացքային, մտածողության մեթոդաբանության խնդիր է, որը, հնարավոր է, ունի ընդհուպ ենթագիտակցական ծագում։ Նա աշխարհին շարունակում է նայել լրագրողի, թերթի խմբագրի հայացքով, և ինչպես ամենայնը, արտաքին քաղաքականությունը ևս իրականացնում է դրա հանգույն։
Պատահական չէ, որ հաճախ անգամ ամենաբարդ ու բազմաշերտ խնդրի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է վերնագրի ձևաչափով․ վերջին օրինակը նրա հարցազրույցն էր Wall Street Journal-ին, որի ընթացքում՝ խոսելով տարածաշրջանային խաղաղության մասին, Փաշինյանն ասում է, թե անհրաժեշտ է սկսել «վերնագրից»։ Այսինքն՝ նրա մտածողության մեթոդաբանությունը հիմնված է հոդվածի, թերթի մոդելի վրա, որի դեպքում, առնվազն իր բնույթի լրագրողի պարագայում, կարևորը ոչ միայն ու ոչ այնքան բովանդակությունն է, որքան ինտրիգը, էպատաժը, աղմուկը, և այդպես շարունակ։
Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հիմքում, այսպիսով, ընկած է մի կողմից՝ հասկացությունների, երևույթների պարզունակացումը, մյուս կողմից՝ դրանցով դիտարժան, էքսպրեսիվ, բամբասանյութի մակարդակի դիվանագիտության վարումը, որի հետևանքները Հայաստանի համար կարող են լինել բազմապատիկ ավելի ողբերգական, քան անգամ ամենազրպարտչական հրապարակման խարանը՝ դրա հերոսի ճակատագրում։
Ի՞նչն է առաջ մղում Նիկոլ Փաշինյանին՝ Արցախին պատճառած ողբերգությունից հետո նույն արկածախնդրությունը շարունակել նաև Հայաստանի պարագային՝ մտասևեռո՞ւմը, անգրագիտությո՞ւնը, դավաճանությո՞ւնը, մեծամոլությո՞ւնը, թե՞ այլ ոչ ռացիոնալ մոտիվատորներ։ Այս հարցի պատասխանը կամ, իր իսկ խոսքով՝ Հայաստանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իրականացրածի վերնագիրը երբևէ հայտնի է դառնալու։ Բայց դա լինելու է պատմության վերջում։ Հայ հասարակությունից է կախված՝ դա կլինի նաև Հայաստանի՞՝ որպես պետություն, պատմության, թե՞ այս մղձավանջային պատմության վերջը։
Հարություն Ավետիսյան