Քաղաքական աղբահանության ժամանակը
«Քաղաքը գովազդային աղբից պետք է մաքրվի»,- Երևանի քաղաքապետարանի վերջին նիստում հայտարարել է, այդ թվում, սոցցանցային գովազդային աղբի միջոցով մի կերպ Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը, ով իր երազանքն իրագործելուց հետո հատկապես ագրեսիվ ելույթներ ունենալով՝ ամեն ինչ անում է «Բուլդոգ» մականվանն արժանանալու համար։ Երբ կհասնի Ավինյանն իր այդ երկրորդ երազանքին, դժվար է ասել, բայց այն, որ քաղաքապետի պաշտոնում իր գործունեությունը նա սկսել է, օրինակ, գովազդային աղբի մաքրման մասին դատողություններով, ուշագրավ է ու խորհրդանշական։
Ընդհանրապես, ցանկացած բնույթի աղբ ինքնին բացասական է ու մերժելի, ինչպես նաև՝ մաքրելի ու շպրտելի։ Աղբը, ահա, լինում է ոչ միայն կենցաղային կամ շինարարական, այլ, օրինակ, նաև գովազդային, ինչպես նաև՝ տեղեկատվական, ու ամենակարևորը՝ քաղաքական։ Գովազդային աղբը, որից Ավինյանը պատրաստվում է մաքրել Երևանը, բացասական է ու տհաճ, բայց պատճառում է առավելագույնը հակաէսթետիկ անհարմարություններ։ Այլ է պարագան իրար հետ սերտորեն փոխկապակցված աղբի երկու մյուս տեսակների՝ քաղաքական ու տեղեկատվական աղբի դեպքում։ Այդ մասին, սակայն, որևէ նիստում ու խորհրդակցությունում չի խոսվում, դրա համար պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում ու ատկատներ չեն մսխվում։ Որովհետև խոսողները, հատկացնողներն ու մսխողները և էլի շատ-շատերն անհատապես ու հավաքականորեն քաղաքական ու տեղեկատվական աղբի ներկայացուցիչներն են՝ բառի մասամբ փոխաբերական, ավելի մեծ չափով՝ ուղիղ իմաստով։ Աղբը՝ որպես մատերիա, անպիտանության հավաքականություն է, որը խանգարում է մարդկանց, քաղաքների բնականոն կյանքին։ Այդ պատճառով, բոլոր քաղաքներում և ոչ միայն քաղաքներում գործում են աղբահանության ծառայություններ։
Ահա նույն կերպ, քաղաքական աղբը քաղաքական անպիտանության այնպիսի հավաքականություն է, որը խաթարում է հասարակության ու պետության բնականոն գործունեությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Տիգան Ավինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու քաղաքական համակարգի բազմաթիվ ուժեր, որոնք, այդ թվում՝ նաև ինֆորմացիոն աղմուկի ու տեղեկատվական աղբի միջոցով ապականում են հանրային ու պետական կյանքը՝ այն վերածելով մոտավորապես այնպիսի անտանելիության, ինչպես կենցաղային աղբը, ասենք, շենքի բակում կամ գետնանցումում։
Հայաստանի քաղաքական ու պետական կառավարման համակարգն արդեն հինգ տարի լցվել է պոպուլիզմ կոչվող քաղաքական աղբով, որն ամեն օրվա հետ երկիրը լցնում է հակահիգիենիկ գարշահոտությամբ։ Քաղաքական այդ աղբի ծավալներն ու ընդգրկումն անընդհատ ավելանում է տեղեկատվական աղբի տարածման միջոցով, որի շնորհիվ պահպանվում է այս իշխանությունը։ Հետևաբար՝ հայ հասարակության խնդիրն իրականում գտնվում է հիգիենայի՝ քաղաքական հիգիենայի տիրույթում։
Եվ իշխանափոխությունը, լայն իմաստով, քաղաքական աղբահանության ու նաև քաղաքական ախտահանության ակցիա է, առանց որի Հայաստանին սպառնում է քաղաքական աղբավայրի վերածվելու շատ տեսանելի հեռանկար՝ դրանից բխող ու գովազդային աղբից շատ ավելի հակաէսթետիկ հետևանքներով։
Հարություն Ավետիսյան