
Հայաստանի և Կանադայի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա․ Միրզոյան

Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։ Առևտրի և տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով մենք դիտարկում ենք Կանադայի առավել ակտիվ ներգրավվածության հնարավորությունները։ Պետք է նշեմ նաև միջխորհրդարանական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության մասին, որոնք մշտապես կարևոր տեղ են զբաղեցրել մեր հարաբերություններում»,- ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի և Կանադայի միջև կապերի խորացման գործում իր դերն ունի նաև Կանադայի հայ համայնքը։