Հայաստանում գալիք աղետների և պետականության կորստի վտանգի մասին ահազանգող փորձագետները՝ տուգանքի «մատերիալ». Գառնիկ Դավթյան

Հայաստանում Ադրբեջանի հարցերով արդեն երկրորդ փորձագետին են պատրաստվում ենթարկել իրավական պատասխանատվության։ Առաջինն Արմինե Ադիբեկյանն էր, որի նկատմամբ հարուցվեց քրեական գործ՝ համացանցում Նիկոլ Փաշինյանի գրքից հատված մեջբերելու համար։ Երկրորդը Գառնիկ Դավթյանն է՝ սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում իրազեկման ակցիա իրականացնելու համար։

Սեպտեմբերի 19-ին Գառնիկ Դավթյանին ձերբակալեցին, իհարկե, մի քանի ժամից  բաց թողեցին, չխախտելով օրենքով սահմանված ժամկետը, բայց դրանով չբավարարվեցին, վերջերս էլ  հայց են ներկայացրել վարչական դատարան՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

168.am-ի հետ զրույցում Գառնիկ Դավթյանը նախ  ասաց, որ բոլորին է հայտնի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած սոցիալ-տեղեկատվական ակցիայի նպատակը  Հայաստանին ու Արցախին սպասվող մոտալուտ վտանգի ու կործանարար հետևանքների մասին հանրությանն իրազեկելն էր:

«Դժբախտաբար, այս հարցում ես ուշացա, քանի որ իմ ակցիայից, բառիս բուն իմաստով, երկու ժամ անց Արցախում Ադրբեջանը սկսեց արցախահայության էթնիկ զտման հատուկ օպերացիան։ Արդյունքում՝ փաստացի ստացանք այն, ինչի մասին այդ օրն ուղիղ եթերում հայտարարեցի։ Ասել էի, որ էթնիկ զտում է տեղի ունենալու և այսօրվա իշխանության վարած քաղաքականության հետևանքով է լինելու։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ այս հայցով ինձ վարչական տույժի կենթարկեն, եթե, իհարկե, կարողանան, գումարի չափը չեմ կարող ասել, քանի որ պատկերացում չունեմ, թե օրենքի փոփոխությամբ որքան են նախատեսել, սակայն 100 հազարից ավելի տուգանքի մասին է խոսքը»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Ըստ նրա, իշխանությունն այս քայլին է գնում, քանի որ վախենում է, որ վարած քաղաքականւթյան, սխալների մասին հանկարծ կբարձրաձայնեն, վախենում են փորձագիտական, քաղաքական դաշտի քննադատություններից։ Հետևաբար, նման ցածրորակ քաղաքականությամբ փորձում են իրենց քննադատներին վախեցնել, ճնշել, որպեսզի հրաժարվեն քննադատություններից։

«Թող ինձ ներեն դրամատիկական թատրոնի բոլոր դերասանները, բայց այստեղ ավելի շատ խոսքը վերաբերում է ոչ թե ոստիկանի կողմից իրավական պահանջ ներկայացնելուն, այլ դրամայի ժանրի սցենարին, քանի որ, երբ իրենք ասում էին, որ հրապարակի գորգը պետական խորհրդանիշ է՝ ուղղակի ցինիզմ է։ Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանության թույլտվությամբ այդ հատվածի վրա տեղի են ունենում համերգներ, տարբեր հավաքներ, ակցիաներ, իշխանությունն իր հավաքներն այդ հատվածում է հենց իրականացրել։ Հետևաբար՝ Հայաստանում օրենքն ընտրովի է կիրառվում, երբ իրենց պետք է՝ այդ օրենքը կիրառում են սովորական մարդկանց լռեցնելու ու ճնշելու համար, իսկ երբ պետք չէ, նույն այդ օրենքը ծառայեցնում են իրենց շահերին»,- հավելեց փորձագետը։

Նա նաև ընդգծեց՝ իր ակցիայի ընթացքում որևէ վթարային իրավիճակ չի ստեղծվել, անձամբ է վարորդներից ներողություն խնդրելով՝ անցել հրապարակի այդ հատվածը։

«Այսպես եթե շարունակվի, ապա ստացվելու է, որ բոլոր ադրբեջանագետներին մի խուց պետք է նստեցնեն, և այնտեղից փորձենք վերլուծություններն անել։ Սա, իհարկե, հեգնանք է, բայց եթե ավելի լուրջ՝ ապա նման վարքագիծը փորձագիտական հանրության նկատմամբ վկայում է այն մասին, որ իրենք կատարում են թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում։ Այսինքն՝ լռեցնել այն մարդկանց, որոնք խոսում են Նիկոլի բերած աղետի, գալիք աղետների և պետականության կորստի վտանգի մասին։ Նույնիսկ տեղեկություններ ունեմ, որ այնպես են անելու, որ ակտիվ մարդկանց դաշտից դուրս մղեն։ Ինչ ուզում են՝ թող անեն, ես իմ հայրենիքին ծառայելուց չեմ հրաժարվի և շարունակելու եմ այն, ինչ անում եմ»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Դեռևս 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու շաբաթ էր ղեկավարում գործադիր իշխանությունը, Կառավարության նիստի ժամանակ հայտարարում էր.  «պետք է հասկանանք, որ քաղաքացին, տուգանվելու մատերիալ չէ։ Այս մտածողությունը պետք է փոխվի»: 5 տարի անց Փաշինյանի մտածողությունը փոխվեց, և  այսօր ՀՀ քաղաքացին  դարձել է, կներեք արտահայտության համար, «տուգանքի մատերիալ»։

Տեսանյութեր

Լրահոս