2018 թվականին Հայաստանում կար զրո քաղբանտարկյալ, այժմ՝ 40-ից ավելի. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր պատգամավորների հայտարարությունների ժամին հնչեցրած ելույթում հայտարարեց, որ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը քաղաքացիների մի որոշ հատված, չգիտես ինչու, ընկալում է՝ որպես բնական աղետի պես մի բան, որը չունի մեղավորներ, պատասխանատուներ։
«Տեղի ունեցած ցեղասպանության պատասխանատուներն առաջին հերթին, իհարկե, Ադրբեջանի իշխանություններն են, որոնք պարբերաբար իրականացնում էին ագրեսիա ՀՀ-ի նկատմամբ, Արցախի նկատմամբ, ու այդ ամենի գագաթնակետը եղավ էթնիկ զտումների դրսևորումները։ Երկրորդ պատասխանատուները ՀՀ իշխանություններն են, իրենց ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ, որը ես անվանել եմ չարչիական, որի գագաթնակետը նորից դարձավ Պրահայում հայտարարությունը, որը հիմք հանդիսացավ տվյալ գործողությունների համար»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն առանց մեկնաբանության զուտ համեմատական փաստեր հրապարակեց՝ 2018 թվականին ՀՀ ինքնիշխան տարածքն ամբողջովին գտնվում էր ՀՀ վերահսկողության ներքո, այս պահին՝ առնվազն 150 քկմ, ըստ պաշտոնական տվյալների՝ վերահսկվում է ադրբեջանցի զինյալների կողմից։
«2018-ին Արցախի Հանրապետությունը 12 հազար քկմ տարածքից ավելի էր, հիմա զրո է։ 2018 թվականին ՀՀ-ում կար զրո քաղբանտարկյալ, այժմ՝ 40-ից ավելի»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում