Բժիշկների համար անհատական լիցենզիայի ստացման պահանջ կսահմանվի

Հայաստանում բուժաշխատողների համար սահմանվում է անհատական լիցենզիայի պահանջ, օրդինատուրայում սովորողները ևս լիցենզիա կստանան: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծեր փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ-ում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կառավարությունը հանձն է առել մասնագիտական անհատական լիցենզիայի ներդրում, վերագործարկում: Դրան էլ ուղղված է օրենսդրական այս փաթեթը»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2023-ի հունվարից ուժի մեջ է մտել բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման պարտադիր պահանջը: Եվ 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արդեն 35 հազար բուժաշխատողներ անցել են ամբողջ գործընթացն ու ստացել հավաստագրեր:

«Հաջորդիվ Հայաստանում գործարկելով նաև լիցենզավորման պահանջը՝ կունենանք մասնագիտական հմտությունների, գիտելիքների անընդհատ թարմացում: Բացի այդ, հնարավորություն կունենանք բժշկական սխալների կամ էթիկական նորմերի խախտման պարագայում նաև որոշակի վերահսկողություն ունենալ մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողների նկատմամբ»,-ասաց Ավանեսյանը:

Օրենքն ուժի մեջ կմտնի ավագ բուժաշխատողների համար մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորների և ռեզիդենտների համար մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Օրենքը նախատեսում է անհատական լիցենզիայի երկու տեսակ՝ ժամանակավոր և ամբողջական գործարկված անհատական լիցենզիա: Այս տարբերակումը հնարավորություն կտա կլինիկական օրդինատորներին՝ բուժաշխատողի հսկողության տակ իրականացնել նաև սահմանափակ մասնագիտական գործունեություն, այսինքն՝ հմտանալ գիտելիքների մեջ:

Լիցենզավորման համակարգը, ըստ նախարարի, լրացնելու է արդեն գործող հավաստագրման համակարգին: Լիցենզավորումը լինելու է պարբերական: Ավանեսյանի խոսքով՝ այսպիսով՝ բուժաշխատողները պետք է ժամանակի ընթացքում անընդհատ թարմացնեն իրենց գիտելիքներն ու հնարավորություն են ունենալու ապացուցելու էթիկական նորմերի մասով իրենց պատրաստվածությունը:

Տեսանյութեր

Լրահոս