«Դիմակահանդես» բալետը կներկայացվի Փարիզում
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 26-27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris), հոկտեմբերի 29-ին Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։
Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Բացառիկ այս համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության և «Franceconcert» ընկերության հետ համագործակցաբար»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Ներկայացման բեմադրությունն իրականացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, բեմանկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, բեմադրող դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:
Համերգի հասույթը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող ծրագրերին։
1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրել է երաժշտություն Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին՝ Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար:
1982 թվականին կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծել է «Դիմակահանդես» բալետի պարտիտուրը՝ հիմնված Արամ Խաչատրյանի երաժշտության վրա և ներառելով հատվածներ կոմպոզիտորի այլ ստեղծագործություններից։ 1982 թվականին բալետը բեմադրվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում։