«Թույլ չեմ տալու, որ Փաշինյանն արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի». Նարե Սիմոնյան
Այսօր Արցախից բռնի տեղահանված մի խումբ արցախահայեր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, որպեսզի նա պատասխանի իրենց հուզող հարցերին։
Բողոքի ակցիայի մասնակիցները սկզբում ներխուժեցին ներկայացուցչության շենք, ապա պահանջեցին առանց լրատվամիջոցների ներկայության հանդիպում Շահրամանյանի հետ։ Ի վերջո, հանդիպումը տեղի ունեցավ, բայց այդ ընթացքում ներկայացուցչության շենքին մոտեցավ բռնի տեղահանված արցախահայերի մեկ այլ խումբ։
Շենքի մուտքի մոտ շուշեցի Նարե Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտից իրականացվող բողոքի ակցիան ուղղորդված է Սամվել Բաբայանի կողմից։ Հասկանալով ակցիայի մասնակիցների ցավը, Նարե Սիմոնյանը մեկ անգամ էլ պնդեց, որ նրանց մեծ մասն ուղղորդված է եկել ներկայացուցչության շենքի մոտ, անգամ չհասկանալով, որ իրենց ուղղորդել են:
«Սամվել Բաբայանը տարբեր հարթակներում խոսում է այն մասին, որ պետք է դատել այնտեղի ղեկավարներին, պատգամավորներին, որոնք սահմանադրական ճանապարհով իրենց համար նախագահ են ընտրել։ Գալիս է Հայաստան ու հայտարարում, որ արդեն Հայաստանում է, որից հետո Արցախում բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչներին ձերբակալում են, և նաև այսպես ուղղորդում է, որպեսզի վերացնի պետականության վերջին նշույլները։ Ես չգիտեմ՝ ինչ պաշտոն են խոստացել կամ ինչ են խոստացել նրան դրա դիմաց։
Ես հայտարարում եմ, որ հաջորդ անգամ այս դուռը ջարդելու և մտնելու համար, նախ իմ հայրենակիցները ստիպված կլինեն ջարդեն ինձ ու իմ հայրենակիցներին։
Ես թույլ չեմ տալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանն արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի»,- նշեց Նարե Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում