Բաժիններ՝

Փարիզյան հանրահայտ Օդեոն թատրոնն առաջին անգամ հանդես կգա երևանյան բեմում

Ֆրանսիայի հինգ ազգային թատրոններից մեկը՝ փարիզյան Օդեոնը, առաջին անգամ ներկայացմամբ հանդես կգա Երևանում:

Թատրոնը Հայաստանում կհյուրընկալվի Երևանյան թատերական միջազգային փառատոնի շրջանակում, որն առաջին անգամ է անցկացվում: Թատերասերները Օդեոն թատրոնի «Ուրախության օրեր» ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան հոկտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն շեշտեց՝ Օդեոնը շատ հայտնի թատրոն է, և թատրոնի երևանյան այցը կարևոր իրադարձություն է: «Առաջին անգամ է անցկացվում Երևանյան թատերական միջազգային փառատոնը և առաջին անգամ Օդեոնի թատրոնը գալիս է Հայաստան՝ այստեղ ներկայացնելու նոր բեմադրություն: Թատրոնը հեղինակություն է վայելում, քանի որ տարիներ շարունակ առաջարկում է բարձրակարգ ներկայացումներ Ֆրանսիայում, ամբողջ Եվրոպայում, հիմա՝ Հայաստանում»,-նշեց Նարժոլեն:

Անդրադառնալով թատրոնի տնօրեն և ներկայացման ռեժիսոր Ստեֆան Բրոնշվեյգին՝ Գիյոմ Նարժոլեն տեղեկացրեց, որ նա շատ ճանաչված է և մի շարք մշակութային հաստատություններ է ղեկավարել:

Թատրոնի՝ Հայաստանում հանդես գալու գաղափարը ծնվել է 2022 թվականին, երբ Ստեֆան Բրոշվեյգն այցելել է Երևան և մասնակցել Երկլեզու դրամատիկական արվեստանոցին, որի շրջանակում քսան հայ երիտասարդ դերասաններ ֆրանսերենով դասընթացներ ու վարպետության դասեր են անցնում ֆրանսիացի և այլ ֆրանկոֆոն երկրներից ժամանած դերասանների և ռեժիսորների ղեկավարությամբ: Հենց այդ օրերին է Բրոշվեյգը ծանոթացել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ:

Մկրտչյանը, որը նաև Երևանյան թատերական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահն է, կարևորում է այն, որ հայկական թատրոնի միջազգայնացման գործընթացն իրականացվում է պետական թատրոնի հիմքի վրա: «Ինձ համար միշտ երազանք է եղել, որ պետական ինստիտուտը ստանձնի այդ կարևոր գործը: Ես շատ լավ հասկանում եմ, որ տարիներ հետո փառատոնն իրականացվելու է առանց ինձ, սակայն այն Հայաստանի թատրոնների զարգացման և լուրջ ձեռքբերումների երաշխիքն է՝ հիմնված առաջին պետական թատրոնի վրա»,-նշեց Մկրտչյանն ու հավելեց՝ անգամ անհասանելի երազանք է եղել Եվրոպայի առաջատար թատրոններից մեկին անմիջապես առաջին փառատոնին հրավիրելը, ինչի առթիվ չափազանց ուրախ են:

Մկրտչյանի համոզմամբ՝ պետք է դռները բացել աշխարհի լավագույն ռեժիսորների առաջ, պետք է փորձել նրանց բերել Հայաստան, ավելի մոտից ծանոթանալ նրանց մտածողությանը, աշխատել նրանց հետ: «Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն իր պրոֆեսիոնալ սկզբնավորման ընթացքում կրել է ֆրանսիական թատերական համակարգի ազդեցությունը: Այդ շփումները հարստացնում են թե՛ մեզ, թե՛ ֆրանսիացիներին»,-ասաց նա ու հավելեց, որ հոկտեմբերի 21-ին ժամը 18:00-ին ակադեմիական թատրոնում հանդիպում է սպասվում Ստեֆան Բրոնշվեյգի հետ: Հանդիպումից հետո նախատեսվում է Օդեոն թատրոնի «Ինչպես ինձ ցանկանաս» ներկայացման տեսագրության դիտումը:

Փարիզի Օդեոն թատրոնի տնօրեն Ստեֆան Բրոնշվեյգը տեսաուղերձ էր հղել մամուլի ասուլիսի մասնակիցներին, որում նշում էր, որ շատ ուրախ է կրկին Հայաստան այցելելու համար: Նրա խոսքով՝ հիմա աշխարհում դժվար ժամանակներ են, սակայն արվեստը, մշակույթը լավագույն ճանապարհն են այդ դժվարությունները հաղթահարելու համար: Օդեոն թատրոնի տնօրենն ընդգծում էր, որ «Ուրախության օրեր» ներկայացման մեջ կան ինչպես դրամատիկ, ողբերգական, այնպես էլ կատակերգական դրվագներ և հույս հայտնում, որ այն Հայաստանի հանդիսատեսին դուր կգա:

«Ուրախության օրեր»-ը ժամանակակից դրամատուրգ Առնե Լյուգրեի պիեսի հիման վրա ստեղծված թատերական մի փորձ է՝ տոգորված հուզական ու նրբագեղ բազում ակնթարթներով՝ Ստեֆան Բրոնշվեյգի փայլուն ու հղկված մատուցմամբ: Այս ստեղծագործությունը հույսի մի շող է երբեմն մռայլ ու անուրախ աշխարհում, որտեղ երկյուղների հիմքում մարդկային հարաբերություններն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս