«Երուսաղեմի մեր գաղութը մտադրություն չունի վերադառնալ Հայաստան». Հակոբ Սևան

Իսրայելա-պաղեստինյան պատերազմի հետևանքով արդեն Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ:

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանը 168.am-ի հետ զրույցում խոսելով այս պահին տիրող իրավիճակի մասին՝ ասաց, որ Երուսաղեմում իրավիճակն արդեն հանդարտ է։

«Արևելյան Երուսաղեմում սուգ է հայտարարվել, արաբական Երուսաղեմի բոլոր արաբներն արդեն գործադուլ են հայտարարել, բոլոր խանութները փակ են։ Ամեն կողմում բողոքի ակցիաներ են, Գազայի հատվածում մարտերը սկսվելուց մեկ օր հետո արաբական Երուսաղեմում, այսինքն՝ արաբական թաղամասերում ցույցեր են, թեպետ սրա մասին շատ չի խոսվում, արաբական պաղեստինյան ինքնավար մարզի շրջաններում էլ ցույցեր են, տեղեկություններ կան, որ զինյալ խմբերը զինվորների հետ միասին պարբերաբար կռվում են։

Երեկ հիվանդանոցը ռմբակոծելուց հետո Երուսաղեմում մարդիկ շոկի մեջ են։ Իսրայելը հայտարարում է, որ ինքը չի հարվածել, բայց այստեղ բոլորը համոզված են, որ հարվածողն Իսրայելն է»,- նշեց Հակոբ Սևանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Հայաստան տեղափոխվելուն, Հակոբ Սևանը փոխանցեց՝ իր տեղեկություններով, այս պահին Երուսաղեմից որևէ հայ դուրս գալու և Հայաստան տեղափոխվելու մտադրություն չունի։

«Հակառակը, մեր նորօծյալ սրբազանները երեկ են վերադարձել Երուսաղեմ, գաղութի անդամներ ունեինք, որոնք Երևանում էին, նրանք նույնպես վերադարձան։ Այսինքն՝ տեղական մեր գաղութը մտադրություն չունի թողնել ու հեռանալ։ Վտանգն այստեղ այն աստիճանի չէ, որ թողնենք ու հեռանանք։

Իրավիճակի զարգացումը կախված է քաղաքական իրադարձություններից  ու քաղաքական դեմքերից։ Այսօր ԱՄՆ նախագահը Բայդենը ժամանելու է Իսրայել, շատ բան նրանից է կախված, նաև իրենց ներքին հաշիվներից։

Շատ չեն խոսում այս մասին, բայց Գազայի հատվածում ռազմական գործողությունները սկսվեցին Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունից անմիջապես հետո։ Երբ Արցախը հայաթափվեց՝ այստեղի մամուլն ինչ-որ հպարտությամբ էր գրում այս մասին՝ իրենց զենքերի հաջողության առումով»,- եզրափակեց Հակոբ Սևանը։

Տեսանյութեր

Լրահոս