
«Սա բոլորովին այլ տեսակի պատերազմ է, ավելի վտանգավոր ու լուրջ. Երուսաղեմի հայկական թաղամասն այս պահին հանգիստ է». Հակոբ Սևան

Իսրայելում՝ Երուսաղեմի հայ համայնքում իրավիճակն այս պահին հանգիստ է, Իրան-Իսրայել ռազմական գործողությունների էպիկենտրոնում այլ քաղաքներ են։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը։
«Երուսաղեմում մարդիկ իրենց տանն են, ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է, այդ թվում՝ Երուսաղեմի հայկական հին թաղամասում։
Այլ քաղաքներում մի քանի ժամը մեկ ահազանգը հնչում է, որն ազդարարում է, որ մարդիկ պետք է մտնեն ապաստարաններ։ Փառք Աստծո, Երուսաղեմը մինչև այս պահը որևէ հարված չի ստացել, ինչը չեմ կարող ասել Իսրայելի կենտրոնի մասին՝ Թել Ավիվ, Յաֆֆա և Հայֆայի շրջակայքը։ Այստեղ մենք ունենք հայկական գաղութ, որոնց համար մտահոգ ենք, բայց այս պահին հայերի շրջանում զոհեր, վիրավորներ չունենք։ Միայն այս պահին Թել Ավիվի շրջակայքում 1-2 հայ ընտանիքի տան ապակիներն են վնասվել ռմբակոծությունների հետևանքով, ընդհանուր մտահոգիչ է իրավիճակը»,- նշեց Հակոբ Սևանը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին կեսգիշերից հետո են տեղի ունենում հարձակումները, երկնքում պարզ տեսանելի են հրթիռները։
«Սա բոլորովին այլ տեսակի պատերազմ է, Իրանից եկող հրթիռները «երկաթե գմբեթը» ոչնչացնում է, ամեն ինչ տեղի է ունենում մարդկանց աչքի առջև։ Այս ամենը մեր թաղամասից հեռու է, բայց սովորաբար զգուշացնում են, որ պայթեցված հրթիռների բեկորները կարող են վնասներ հասցնել, ուստի պետք է մտնել ապաստարաններ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև փոխանցեց, որ բոլոր գործարանները, խանութները փակ են, բաց են միայն անհրաժեշտ կենտրոնները՝ բժշկական կենտրոնները, սննդի կետերը։
«Այս պահին որևէ բանի կարիք չկա բնակիչների շրջանում, այս առումով Իսրայելը կազմակերպված երկիր է։ Կան քաղաք մտնող ելքեր ու մուտքեր, որով կարող են ելումուտ անել տեղացիները, այստեղով երթևեկությունն ազատ է, կորոնավիրուսի օրերն է հիշեցնում այս ամենը։
Բոլորիս մոտ սպասողական վիճակ է, տասնյակ տարիներով պատերազմ եղել է, սակայն այս մեկն ավելի վտանգավոր ու լուրջ է։ 1990-ականներին, երբ Իրաքի վրա էին հարձակումները և այնտեղից ռմբակոծումներ էին լինում, այդքան վտանգավոր չէր, որքան այս ամենը՝ բոլոր առումներով։
Սա բանակ բանակի դեմ պատերազմ չէ, ամբողջությամբ ռմբակոծություններ են»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև փոխանցեց, որ հայերի շրջանում դեռևս որևէ մեկը ցանկություն չի հայտնել Իսրայելից տեղափոխվել Հայաստան։ Բացի այդ, այս պահին օդանավակայանը փակ է։
«Մեզ մոտից 2 երիտասարդ ցանկանում էին դուրս գալ, նրանք հասան մինչև Եգիպտոսի սահման, հետո՝ Շարմ Էլ Շեյխ, իսկ այնտեղից՝ արդեն Հայաստան։ Բայց մինչև այնտեղ հասնելը դժվարություններ կան, հանրային տրանսպորտը շատ զգուշավոր է աշխատում, դրանք հիմնականում աշխատում են դեպի բժշկական կենտրոններ։ Շատ զգույշ են, որ ռումբ չհայտնվի ավտոբուսների վրա, օդային ճանապարհը փակ է, չկան թռիչքներ»,- ընդգծեց Հակոբ Սևանը։