Թուրք-ադրբեջանական գործողությունների դեպքում Իրանը կարող է Նախիջևանի ուղղությամբ կործանիչ հարվածով վերջ տալ «թուրանական» երազանքին. ռազմական փորձագետ
Հոկտեմբերի 23-25-ին թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժություն է անցկացվելու: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարժանքների վայր է ընտրվել Բաքուն, Նախիջևանն ու Արցախի օկուպացված տարածքները:
Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ այժմ Ադրբեջանում են գտնվում Թուրքիայի ԶՈւ մի խումբ զինվորականներ, ավիացիոն միջոցներ ու այլ զինատեսակներ:
Հիշեցնենք, որ երկու երկրների, ինչպես նաև լեռներում մարտերի փորձ ունեցող Պակիստանի հետ համատեղ մի շարք զորավարժություններ անցկացվել են նաև սեպտեմբերին: Ի դեպ, Թուրքիայի Պաշտպանության նախարարը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ մինչև այս տարվա ավարտը նախատեսում են ևս 40 զորավարժություն անցկացնել:
Ավելի վաղ, երբ սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնել էր Նախիջևան, Ալիևի հետ մասնակցել էր ավիա-ռազմաբազայի բացման արարողությանը: Հաղորդվում էր նաև, որ այցի շրջանակներում քննարկվել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, որը, իրենց պլանների համաձայն, պետք է ապահովի Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը: Ի դեպ, նախ այդ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը պնդելով «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը՝ հայտարարել է՝ եթե Հայաստանը չհամաձայնի, այդ ճանապարհը կարող է նաև Իրանով անցնել։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև անցկացվող հերթական զորավարժությունները պետք է դիտարկել այս բոլոր իրադարձությունների կոնտեքստում: Նրա խոսքով, չնայած հայտարարություններին, թե զորավարժություններն ունեն հակահարձակողական բնույթ՝ դրանք իրականում հարձակողական են, իսկ այժմ ընթացող, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ուղղությամբ բանակցությունների ֆոնին, իրենց մեջ պարունակում են ուժի կիրառման սպառնալիք:
Ավելի վաղ, Գրանադայում առանց Ալիևի անցկացված հանդիպումից հետո Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում շտապել էր գրառում կատարել Գրանադայում տարած «հաղթանակի» մասին՝ հայտարարելով, թե անկլավների հարց չի քննարկվել, իսկ «միջանցքի» հարցը փակ է:
Փորձագետը հիշեցրեց, որ Գրանադայում հանդիպումից և քառակողմ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո Ալիևը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույց էր ունեցել և բարձրացրել հենց «անկլավների» հարցը:
«Ալիևը Շառլ Միշելին փաստացի սպառնում էր: Ի՞նչ է ասում Ալիևը: Ասում է, որ եթե «անկլավներն» իրենց չտրվեն, ապա իրենք «ազատագրելու են» դրանք: Սա ուժի կիրառման ուղիղ սպառնալիք է՝ Շառլ Միշելի միջոցով, որը փոխանցեց Փաշինյանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ այդ սպառնալիքները ցանկացած պահի կարող են վերածվել գործողությունների՝ հաշվի առնելով, որ դրա համար քարոզչական բավականին մեծ հող է նախապատրաստվում:
Այս համատեքստում, ըստ փորձագետի, մեծ ուշադրության է արժանի հատկապես թուրքական Օրենսդիր մարմնում ու պետականամետ լրատվամիջոցներում շրջանառվող քննարկումները՝ «ՀՀ-ում հայ- քրդական ահաբեկչական ուժերի ձևավորման վերաբերյալ»:
«Այնտեղ ասվում է, թե Հայաստանը «Սյունիքի 17 ճամբարներում, Արցախից գաղթածների, ՀՀ քաղաքացիների և քրդերի հետ միասին կազմակերպված ահաբեկչական խմբավորումներն անցնում են զինվորական պատրաստություն, որոնք, վաղ թե ուշ, ուղղվելու են Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»: Քրդերի գործոնն արդեն Թուրքիան է մտցնում՝ իր համար քարոզչական հող նախապատրաստելով, որպեսզի հետագայում հայտարարի, թե «Սյունիքում հակաահաբեկչական գործողությունների նպատակը Հայաստանում ու մասնավորապես Ադրբեջանի հետ սահմանային գոտում ահաբեկիչների ոչնչացումն է: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ՀՀ-ից ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի, իսկ ՀՀ իշխանությունների գործողություններն, առնվազն քարոզչական դաշտում, միտված են դրան»,- համոզմունք հայտնեց ռազմական փորձագետը՝ շեշտելով, որ «հակաահաբեկչական գործողությունների» էլեմենտը նախկինում կիրառվել էր նաև Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելու, ինչպես նաև Արցախյան վերջին լայնածավալ պատերազմի ժամանակ:
Նահապետյանն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահի՝ Նախիջևան կատարած այցի ընթացքում ռազմաբազայի բացմանն ու իրանական հակահարվածից խուսափելու նպատակով Հայաստանի ուղղությամբ հատկապես Վայոց ձորից ու Երասխի հատվածից հնարավոր հարձակման տարբերակին:
Ռազմական փորձագետը վստահեցրեց, որ չնայած թուրքական կողմի պաշտոնական տարբեր հայտարարություններին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ն իրավական որևէ հիմք չունի: Միևնույն ժամանակ, ըստ նրա, թուրքական կողմը լավ է հիշում տարածաշրջանում սահմանային ցանկացած փոփոխության դեմ Իրանի գծած «կարմիր գիծն» ու իրանական զորավարժությունները՝ Նախիջևանի հետ սահմանին:
«Իրանի այդ գործողությունների նպատակն Ադրբեջանի՝ էյֆորիայի մեջ գտնվող ղեկավարին սաստելն է: Նրանք հստակ հասկացրել են, որ հակահարված կտան, եթե որևէ փորձ արվի՝ Սյունիքի կամ Վայոց ձորի ուղղությամբ գրավել Նախիջևանն Ադրբեջանին կապող տարածքները»,- ասաց Նահապետյանը:
Ինչ վերաբերում է Նախիջևանում ռազմաբազայի առկայությանն ու այնտեղ անցկացվող զորավարժությունների ֆոնին Վայոց ձորի և Երասխի ուղղությամբ հնարավոր հարձակմանը, ռազմական փորձագետի գնահատմամբ, բացի Երասխի ուղղությամբ ճեղքում ապահովելուց, հաշված ժամերում Երևան մտնելու տեսական վտանգից, այնտեղ օդանավակայանի ու ռազմակայանի կառուցումը նպատակ ունի նաև պաշտպանելու հենց Նախիջևանը, քանի որ մտավախություն ունեն, որ եթե ՀՀ-ի վրա հարձակվեն, հարվածներ կստանան Իրանից:
«Այս պահի դրությամբ, գործնականում, Նախիջևանն Ադրբեջանին կապող ցամաքային ճանապարհ չկա: Իսկ Թուրքիայի հետ շատ փոքր տարածք է, որն այդ տարածքը ձեռք բերեց՝ Իրանին մի հսկայական տարածք հանձնելու արդյունքում: Այդ փոքրիկ ճանապարհն Իրանը շատ դյուրին կերպով կարող է փակել: Այս պարագայում, Նախիջևանն առանց այն էլ շրջափակման մեջ է, իսկ գործողությունների դեպքում Իրանի հարվածը կարող է կործանարար լինել, ու Ադրբեջանը պարզապես կզրկվի այդ տարածքից: Իսկ այդ դեպքում Թուրքիան կարող է հրաժեշտ տալ «թուրանական իր ծրագրերին»»,- ասաց ռազմական փորձագետը՝ տեսակետ հայտնելով, որ հնարավոր սպառնալիք զգալու դեպքում Իրանը կարող է նաև նախահարձակ գործողությունների դիմել:
Իսկ հնարավո՞ր է, որ իրանաիսրայելական հնարավոր բախման դեպքում թուրք- ադրբեջանական տանդեմն օգտվի դրանից, և տարածաշրջանում մարտական նոր օջախ բացվի, մասնավորապես, Հայաստանի դեմ նոր ռազմական գործողություններ սկսեն: Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ դա կանխելու համար Իրանը նախապես է արձագանքում թուրք-ադրբեջանական ցանկացած գործողության:
Այս ամենի ֆոնին Հայկ Նահապետյանը ուշագրավ ու հակասական համարեց այսօր Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը, որը, մեր զրուցակցի գնահատմամբ՝ սահմանափակվում էր միայն ժողովրդավարության, մարդու իրավունքների, պարեկապահակային ծառայության ու 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպմանը վերաբերող պայմանավորվածությունների վերաբերյալ հայտարարություններով:
Նազելի Ստեփանյան