Քանի՞ երկիր է սեփական պաշտպանությունն ապահովել՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով. Քրիստինե Վարդանյան
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում հոկտեմբերի 17-ին ելույթ ունենալով՝ կարևորեց ոչ թե Արցախից բռնի տեղահանված 120 հազար հայի՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքի պաշտպանությունը, այլ Հայաստանում գտնվող արցախցիներին ընդամենը հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը՝ այդ նպատակով գումար խնդրելով միջազգային հանրությունից։
Ավելին՝ Փաշինյանն Արցախից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար գումար խնդրելուց առաջ նույն միջազգային հանրությանը հիշեցրեց, որ Հայաստանն արդեն վավերացրել է Հռոմի ստատուտը և Բոլոր դեպքերում մահապատժի վերացումը սահմանող համաձայնագիրը։
168 TV-ի «Ռեվյու» հաղրոդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը Փաշինյանի ելույթի գլխավոր ուղերձները մեկնաբանելուց առաջ կարևոր համարեց հանրությանը բացատրել, որ Արցախի հանձնումով դժոխքը ոչ թե ավարտվել է, այլ սկսվել՝ արդեն նաև Հայաստանում։
«Արցախի հանձնումով դժոխքը սկսվել է։ Որոշներն ասում են՝ դե՛, դժբախտություն էր, եղավ, ավարտվեց, հիմա տեսնենք, թե ինչ ենք անում։ Ես պնդում եմ՝ ոչ մի բան էլ չի ավարտվել։ Հիմա բանակցությունների սեղանին չի քննարկվում Արցախում տեղի ունեցած ցեղասպանության կամ Շուշի փախստականների վերադարձի հարցը, և քննարկվում է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը, հետևաբար, եթե չենք ցանկանում քննարկել էլ ավելի վատ օրակարգեր Հայաստանի համար, պետք է հասկանանք, որ Արցախի հարցի էջը չպետք է փակվի, որովհետև Արցախից հետո սկսվում է դաժան և վտանգավոր շրջափուլ Հայաստանի համար»,- ասաց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում ունեցած ելույթի հաջորդ ուղերձին, ըստ որի, ինքը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի կնքման, եթե իրեն այդ հարցում օգնի միջազգային հանրությունն ու դրան համաձայնություն տա Ալիևը, Վարդանյանը նշեց.
«Աշխարհի քանի՞ երկիր է կարողացել սեփական պաշտպանությունն ապահովել՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով, կամ կանխել ցեղասպանությունը՝ Եվրամիության միջնորդությամբ. Օրինակ, Ուկրաինային արդյոք դա հաջողվե՞լ է։ Եթե մենք կարծում ենք, որ որևէ մեկը կարող է կանխել մեր գլխին կախված վտանգը, չարաչար սխալվում ենք»։
Առանձնացնելով Փաշինյանի ելույթում միջազգային հանրությունից գումար խնդրելու դրվագը, ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ գումար է ուզում մի Կառավարություն, որը 2023 թվականի պետական բյուջեով 50 տոկոսով թերակատարել է կապիտալ ծախսերը. Այսինքն՝ փողը կա, ծրագիր անողը՝ ոչ, փոխարենը, սակայն, Փաշինյանի աշխատակազմի պադավատների և Փաշինյանի անվտանգության համար հատկացված գումարներն են ծախսվել 100 տոկոսով։
«Պաշտպանության ոլորտի ծախսերն անգամ, ըստ 2023 թվականի բյուջեի կատարողականի, չեն կատարել 40 տոկոսով. Այսինքն՝ փող ունենք խրամատ փորելու համար, բայց պադավատներ են ձեռք բերել դրա փոխարեն»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։