«Հավանաբար Սամվել Շահրամանյանը գիտակցել է, որ այն իրավական փաստաթուղթ չէ և ստորագրվել է պարտադրանքի ներքո». Ռոբերտ Մարգարյան
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո միանշանակ հնարավոր էր պահել Արցախի այն հատվածը, որը մնացել էր, եթե ՀՀ ներկայիս իշխանությունները չլինեին, օգտագործվեր ճիշտ դիվանագիտություն, և եթե Հայաստանը պահպաներ իր դաշնակցային հարաբերությունները հարևանների հետ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը՝ ընդգծելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ակնհայտ էր, որ կա պլան՝ Արցախն ամբողջությամբ հանձնելու վերաբերյալ։ Սակայն ՀՀ իշխանություններն այդ ժամանակ նման քայլի չգնացին, քանի որ վերջում հայ ազգին պետք է բերեին ու հանգեցնեին այս իրավիճակին։
Ըստ նրա, եթե ՀՀ իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրով հանձներ ամբողջ Արցախը, հայ ժողովրդի համար ավելի ցավալի կլիներ, ուստի որոշեցին, որ Արցախի հանձնումը պետք է իրականացնեին փուլ առ փուլ։
«Տեսանելի ապագայի համար մենք պետք է հաշտվենք այս իրողության հետ, որ կորցրել ենք Արցախը և չի լինելու Արցախի նախկին Հանրապետությունը։ Արցախը նույնիսկ մինչև վերջերս հնարավոր էր պահպանել, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը տարբեր առիթներով խոսել է հնարավորությունների մասին, շատերն իշխանություններին փորձեցին հասկացնել, որ կարելի է ճիշտ դիվանագիտությամբ պահպանել Արցախը, բայց քանի որ այս ամենը պլանավորված էր, որևէ կողմի չլսեցին։
Սա հիմնականում Փաշինյան-Ալիև համաձայնության արդյունք էր՝ սկսած 44-օրյա պատերազմից ու դրանից հետո մենք ականատես ենք եղել պայմանավորված միջադեպերի, օրինակ՝ 2021 թվականի օգոստոսի վերջին Իրան-Հայաստան 21-րդ կմ-ն հանձնեցին Ադրբեջանին։ Չեմ բացառում, որ սեպտեմբերի 19-ին սանձազերծած պատերազմը պլանավորված ու պայմանավորված էր, որը պետք է հանգեցներ արցախահայության տեղահանությանը և այդ ամենի արդյունքում էլ հոկտեմբերի 15-ին Ալիևն իր նախագահության 20-ամյակին մուտք գործեց Ստեփանակերտ ու բարձրացրեց Ադրբեջանի դրոշը։ Եթե Արցախում որոշ քանակությամբ մարդիկ մնային, Ալիևը ռիսկ չէր անելու մտներ Ստեփանակերտ։ Այս ամենը պայմանավորված կերպով է իրականացվել, քանի որ Ալիևին պետք է հաճոյանային, և դրա դիմաց Նիկոլ Փաշինյանը հավանաբար ակնկալում է թղթի կտոր ստանալ, որը կանվանի խաղաղության պայմանագիր։ Ցավալին այն է, որ սրանից էլ է խուսափում Ադրբեջանը և փորձում է որքան կարող է ինչ-որ բաներ պոկել Նիկոլ Փաշինյանից»,- նշեց Ռոբերտ Մարգարյանը։
Քաղաքագետը վստահ է, որ Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք չէ, քանի որ նա հաղթողի դերում է, այդ պայմանագիրը պետք է Նիկոլ Փաշինյանին՝ նա է պարտվածը։ Ամեն ինչ միայն այդ խաղաղության պայմանագրի դիմաց է կորսվել՝ Արցախի կորուստը, 44-օրյա պատերազմում 5 հազարից ավելի զոհերը, հայ ազգի արժանապատվության ոտնահարումը միջազգային հանրության մոտ։
«Եթե Նիկոլ Փաշինյանը չունենա խաղաղության պայմանագիրը, նա ոչնչով չի կարող ներկայանալ ու արդարանալ այն կորուստների համար, որը պատճառել է մեր ժողովրդին։ Հետևաբար՝ այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանին է պետք։ Չեմ կարծում, որ այդ փաստաթղթի ստորագրումը մոտ ապագայում կարող է լինել»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Արցախի նախագահի ստորագրած փաստաթղթին, որը ԱՀ տեղեկատվական շտաբը հրամանագիր էր անվանել, Ռոբերտ Մարգարյանն ասաց, որ այն որևէ իրավական ուժ չունի։ Այս մասին բազմաթիվ մասնագետներ վերջին շրջանում խոսել են, Արցախի Հանրապետությունը չի ստեղծվել մի մարդու կողմից, որ հնարավոր լինի այն կազմալուծել։ Արցախը ժողովրդի հանրաքվեով հռչակված Հանրապետություն է, որը կարող է միայն լուծարվել ժողովրդի ընտրյալ պատգամավորների կողմից, որը տվյալ դեպքում Արցախի ԱԺ-ն է։
«Բայց որքանով գիտեք, Արցախի ԱԺ-ն նման նիստ չի գումարել ու նման քննարկում չի ունեցել։ Ստորագրելու պահին էլ հավանաբար Սավել Շահրամանյանը գիտակցել է, որ այն իրավական փաստաթուղթ չէ և ստորագրվել է պարտադրանքի ներքո։ Ադրբեջանն էլ հավանաբար գիտի, որ այն իրավական ուժ չունի։ Թեպետ այսօր Արցախի ԱԺ պատգամավորներն Արցախում չեն, բայց կարող են Հայաստանում արտագնա նիստ գումարել, որոշումներ կայացնել, ամեն դեպքում իրենց գոյությունը կարող են պահպանել։ Հակված եմ այն մտքին, որ այդ թղթի ստորագրումն ավելի շատ քարոզչական նպատակով էր Ադրբեջանին պետք, որպեսզի կարողանար հոգեբանորեն ազդել Արցախի ժողովրդի, հայկական հատվածի վրա։ Այդուհանդերձ այն իրավական ուժ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ մենք ձեռնարկելու ենք գործնական քայլեր։ Այսինքն՝ եթե Արցախի ԱԺ-ն որոշում չկայացնի, ու այլ որոշումներ չլինեն կամ պետական կառույցները չաշխատեն, ապա այդ թուղթն իրավական ուժ կստանա»,-ասաց քաղաքագետը։
Ռոբերտ Մարգարյանը դժվարանում է ասել, թե ինչ կարող է անել Հայաստանն ադրբեջանական գերության մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին և հարյուրավոր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարման ղեկին նստած են այսօրվա իշխանությունները։
«Այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են՝ անկախ այն պաշտոններից, որոնք զբաղեցրել են, հետևաբար՝ ՀՀ իշխանությունը, անկախ իր քաղաքական հայացքներից, պարտականություններ ունի նրանց նկատմամբ։ Ամեն դեպքում վերջին շաբաթների ընթացքում մենք չենք տեսել գործնական քայլեր, որոնք իրականացվել են գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերաբերյալ։ Բավարարվել են միայն հայտարարություններով, պարզ է, որ այդ հայտարարությունների արդյունքում Ադրբեջանը չի սարսափելու։ Ադրբեջանը փորձելու է կեղծ դատական գործընթաց կազմակերպել, գուցե վերջում էլ ինչ-որ պարտադրանքի ներքո նրանց «ներում» շնորհի, իսկ մինչ այդ նա շարունակելու է այդ քարոզչական լծակը, որն ունի իր ձեռքում, օգտագործել։
Հիմա միակ մարմինը, որը կարող է քայլեր ձեռնարկել՝ ՀՀ իշխանություններն են, օրինակ, դադարեցնեին բոլոր շփումներն ադրբեջանական կողմի հետ, եթե իսկապես ՀՀ իշխանության ղեկին ազգային իշխանություններ լինեին, ապա կհայտարարեին, որ բանակցությունների չեն գնա, մինչև այդ մարդկանց ազատ չարձակեն։ Բայց բոլորս էլ գիտենք, որ նրանք նման բան չեն անելու, նստել ու սպասել, որ Նիկոլ Փաշինյանը քայլեր կձեռնարկի Արցախի նախկին պաշտոնյաներին հայրենիք վերադարձնելու համար՝ չի լինելու։ Համոզված եմ՝ այս իրավիճակում Արցախի նախկին նախագահների կամ ռազմաքաղաքական ղեկավարության Ադրբեջանի բանտերում մնալը շատ ավելի հաճելի է ՀՀ իշխանություններին, քան նրանց Երևանում լինելը։ Նրանք ամեն ինչ կանեն, որ այս մարդիկ մնան Ադրբեջանի բանտերում, մինչև այստեղ Ալիևի հետ իրենց սև գործն ավարտին հասցնեն»,- ընդգծեց Ռոբերտ Մարգարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում