«Փաշինյանն ու Ալիևը փորձում են խուճապ տարածել և Արցախի դիմադրությունը փշրել». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից Արցախի վերաբերյալ արած հայտարարությունները լուրջ խնդիր են ստեղծում Սփյուռքի մեր հայրենակիցների համար, որոնք այս ընթացքում Արցախի ապաշրջափակման համար տարբեր երկրներում ակցիաներ են իրականացնում:

«Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, առանց հստակ սահմաններ ունենալու՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և բնական է, որ դա լուրջ խնդիրներ է ստեղծում: Ալիևը հիմա ընդգծում է, որ միջազգային իրավունքն իրեն թույլ տալիս է փակել Լաչինի միջանցքը, քանի որ, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, բնական է, որ Ալիևն արդեն միջազգային իրավունքի տեսանկյունից իրավունք է ստանում իր սեփական տարածքում անցակետ դնել:

Դա արգելք է հանդիսանում, որպեսզի Սփյուռքի կողմից կատարվող աշխատանքները կարողանան դրական արդյունք տալ: Եթե դու դիմում ես տարբեր պաշտոնյաների, օրինակ՝ ԱՄՆ-ում կոնգրեսականների ենք դիմում կամ դիմում ենք ԱՄՆ նախագահին, բախվում ենք նրան, որ մեր իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, և մինչև դա չսրբագրվի, որևէ դրական արդյունքի չենք կարող հանգել: Բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքերս ծալած նստենք և ոչինչ չանենք, մեր ամբողջ ուժը պետք է համախմբված լինի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հավաստի տեղեկություններ ունեն, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելքը թույլ տալու, մուտքը թույլ չտալու ուղղությամբ:

Կարդացեք նաև

Ռոբերտ Մարգարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի. «Ադրբեջանը դժվար է կարողանալու վերահսկել Արցախի բնակչությանը, որովհետև Նիկոլն էլ գիտի, Ալիևն էլ գիտի, որ այդ ժողովուրդը 30 տարի ապրել է անկախության պայմաններում, և այդ մարդկանց հիշողությունից անկարելի է ջնջել 30 տարվա անկախությունը: Եթե նույնիսկ ինչ-որ տեղ զիջեն, կոտրվեն, համաձայնեն Ադրբեջանի պայմաններին, դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է, որովհետև այդ մարդկանց հիշողության մեջ 30-ամյա անկախությունը ապրելու է, և մոխրի տակ մնացած այդ կրակը կարող է կրկին բոցավառվել: Դրանից է Ադրբեջանը մտահոգ: Արցախում իրավիճակը գնալով ծանրանում է, և այդ պայմաններում, եթե դուռը բացվի, արցախահայությունը փորձելու է դուրս գալ այդ իրավիճակից, և առաջին բանը, որ կմտածեն, այն է, որ գան Հայաստան: Ես չեմ բացառում նաև, որ դա ինչ-որ ձևով սպառնալիք է՝ ուղղված հենց Նիկոլ Փաշինյանին, որովհետև, վերջ ի վերջո, 100 հազար արցախցիների միանգամից Հայաստան գալը նույնպես լուրջ խնդիր է առաջացնելու Նիկոլ Փաշինյանի համար: Դա, ցավոք, միանշանակ չի ընդունվելու Հայաստանի քաղաքացիների կողմից: Այնպես չէ, որ բոլորը գրկաբաց 100 հազար արցախցիներին կընդունեն իրենց տներում: Ժողովրդի մի մեծ մասը տառապում է Արցախով, բայց մարդիկ էլ կան, որ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում անտարբեր են: Եթե հիշում եք՝ մի ամիս առաջ Նիկոլն ասում էր, թե պատերազմի ընթացքում իր որդին և կինը գնացել՝ Արցախում կռվել են, իսկ արցախցիները Երևանի սրճարաններում էին: Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը նման հայտարարություններով փորձում են թե՛ խուճապ տարածել, թե՛ Հայաստանում բացասական մթնոլորտ ստեղծել Արցախի հանդեպ և երկու կողմից այդ դիմադրությունը փշրել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս